Լրահոս
17.07.23, 15:31

«Քրեական հեղինակության» վերաբերող՝ քրեական ենթամշակույթի հանցակազմերով հերթական վարույթն է ուղարկվել դատարան

«Քրեական հեղինակության» վերաբերող՝ քրեական ենթամշակույթի հանցակազմերով հերթական վարույթն է ուղարկվել դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, ինչպես նաև՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գ.Իսրայելյանը` առավելապես հայտնի «Հոկտեմբերյանցի Կարեն» մականվամբ, ունենալով «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, ստանձնել է քաղաքացուն պարտք մնացած գումարի վերադարձման հարցի լուծումը, որի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել է հիշյալ քաղաքացուն և ճշտելով վերջինիս պարտք մնացած գումարի չափը, որը կազմել է 12.900 ԱՄՆ դոլար, նրան վստահեցրել, որ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով պարտապանը պարտք-գումարը մաս-մաս կվերադարձնի:

Այնուհետև Գ.Իսրայելյանը, տեղեկանալով քաղաքացու կողմից կատարված գողության դեպքի և գողոնի վերադարձման կապակցությամբ առաջացած վեճի մասին, հանդիպել է վերջինիս և վստահեցրել, որ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով հիշյալ վեճը կլուծի՝ միաժամանակ հայտնելով, որ նշված հարցի հետ կապված նրան դիմողներին տեղեկացնի՝ իր ներգրավվածության և անհրաժեշտության դեպքում իր կողմից նրանց հետ կապվելու մասին:

Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գ.Իսրայելյանը, 2022թ. սեպտեմբերի 21-ին, իր անօրինական ազդեցության միջոցով, ստանձնել է երկու քաղաքացիների միջև մասնավոր հարցին առնչվող մեկ այլ վեճի լուծում ևս:

Մասնավորապես, երթևեկության ընթացքում միմյանց երթևեկությանը խոչընդոտելու, դրա հետ կապված պարզաբանումների ընթացքում քաղաքացիներից մեկի կողմից զենք ցուցադրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ներկայացել է որպես Գ.Իսրայելյանի մտերիմ, ինչի արդյունքում նշված անձը, տեղյակ լինելով Գ.Իսրայելյանի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքի մասին, այդ պահին դադարեցրել է պարզաբանումները: Հաջորդ օրը Գ.Իսրայելյանի մտերիմը տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացրել է վերջինիս, որից հետո հանդիպում է տեղի ունեցել Գ.Իսրայելյանի և վիճաբանող անձանց միջև, որի ընթացքում Գ.Իսրայելյանը, իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը օգտագործելով, լուծել է առաջացած վեճը:

Պարզվել է նաև, որ Գ.Իսրայելյանը, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը,  նպատակադրվելով ստանալ անօրինական օգուտ, 2.300.000 ՀՀ դրամ պարտք եղած գումարը չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը իրեն դիմած Թ.Խ.-ի օգտին լուծելու համար, զանգահարել է պարտապանին և պահանջել վերադարձնել այն, իսկ դրանից 200.000 ՀՀ դրամը տրամադրել իր և հիշյալ անձի ընդհանուր ծանոթին: Պարտապանի կողմից տարբեր պատճառաբանություններով գումարի վերադարձը հետաձգելու վերաբերյալ տեղի ունեցած խոսակցությունների ընթացքում Գ.Իսրայելյանը պարբերաբար սպառնացել է պարտապանին, իր հեղինակությունն ու հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: Արդյունքում պարտապանը տարբեր օրերի պարտք-գումարից վերադարձրել է 1.900000 ՀՀ դրամը, որից 400.000 ՀՀ դրամը Գ.Իսրայելյանը վերադարձրել է Թ.Խ.-ին, իսկ մնացած գումարը, որպես անօրինական օգուտ, տնօրինվել է Գ.Իսրայելյանի կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Իսրայելյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Թ.Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Գ.Իսրայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավ՝ 10մլն. դրամի չափով, և բացակայելու արգելք, իսկ մյուս անձի նկատմամբ կիրառվել է գրավ` 2մլն. դրամի չափով։

Նախաքննություն  ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: