Լրահոս
11.10.24, 13:30

Սեմինար՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար՝ ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների NESA կենտրոնի գիտնական-փորձագետների կողմից (լուսանկարներ)

Սեմինար՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար՝ ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների NESA  կենտրոնի գիտնական-փորձագետների կողմից (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ,  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, ԱՄՆ Մերձավոր Արևելքի Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների  կենտրոնի (NESA) հետ սկսված համագործակցության շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 10-ը ՀՀ արդարադատության ակադեմիայում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար անցկացվել է սեմինար-դասընթաց՝ կիբեռանվտանգության խնդիրների օրակարգով։

Սեմինարը, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների՝ երկու տասնյակից ավելի ղեկավարներ և քննիչներ, անցկացվել է 2024թ. մարտին՝ ՀՀ ՔԿ հրավերով NESA-ի ղեկավար և դասախոսական կազմի ներկայացուցիչների Հայաստան կայացած այցի և դրա շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։

Միջոցառման նպատակն էր ԱՄՆ հեղինակավոր հետազոտական կենտրոնի բարձրակարգ գիտաշխատողների, փորձագետների կողմից փոխանցվող տեղեկատվության և գիտելիքների հիման վրա ուսումնասիրել կիբեռանվտանգության բարձրացման առաջադեմ փորձառությունը, կիբեռտարածությունից ընդհանուր կախվածության մարտահրավերները նաև հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, գնահատել կիբեռանվտանգության ապահովման  առումով առանձին երկրներում լավագույնս կիրառվող մոտեցումները, բացահայտել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմներ, ինչպես նաև՝ գնահատել կիբեռանվտանգության բարձրացման տարբեր ազգային և միջազգային ռազմավարությունների ուժեղ և թույլ կողմերը։

Սեմինար-քննարկման բացմանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանությանը և NESA-ին՝ կիբեռանվտանգության ոլորտի ահագնացող մարտահրավերների և դրանց դիմակայելու միջազգային փորձառության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի մասնագետներին օգտակար գիտելիքների, համապարփակ տեղեկատվության փոխանցման և գիտահետազոտական վերլուծությունների արդյունքներով կիսվելու հնարավորության համար։ Դա, ըստ պարոն Այվազյանի, հնարավորություն է տալիս քննիչներին ավելի խորքային պատկերացնելու համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներից ածանցվող ռիսկերի և դրանց կառավարման մեխանիզմների մասին։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը նշել է, որ հանցագործությունները մեծ արագությամբ տեղափոխվում են կիբեռտարածք՝ ստիպելով փոխել հանցագործությունների բացահայտմանն ուղղված ապացուցողական գործողությունների մեթոդաբանությունը, ինչպես նաև՝ մասնագիտական կարողություններն ադապտացնել նոր իրողություններին։ Եվ այդ առումով նմանատիպ սեմինարները խիստ արժեքավոր են, և դրանք պարբերական դարձնելու անհրաժեշտություն կա։

Սեմինարն անցկացրել են ԱՄՆ ազգային պաշտպանության համալսարանի Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողներ և փորձագետներ։

Քննարկվել են ազգային անվտանգության պաշտպանության վրա կանխամտածված ապատեղեկատվության ազդեցությանը, խնդիրների լուծման, որոշումների կայացման վրա ազդելու և կազմակերպչական փոփոխությունների իրականացման գործում արհեստական ​​բանականության կիրառելիությանը և դերին, միջազգային արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։