Լրահոս
05.10.23, 22:02

Սիլիկյան թաղամասում քանդման աշխատանքներ իրականացնող տրակտորը վնասելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել

Սիլիկյան թաղամասում քանդման աշխատանքներ իրականացնող տրակտորը վնասելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել

2023 թվականի հոկտեմբերի 05-ին՝ ժամը 15:00-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի հարակից տարածքում գտնվող անօրինական կառուցված շինությունների քնադման աշխատանքներն իրականացնելիս «JC13» մակնիշի տրակտորի վարորդը կովշով հարվածել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող և քանդման աշխատանքներն իրականացնող տրակտորի շարժիչի ծածկին և վարորդի խցին՝ վնասելով տրակտորը: Բացի այդ, քանդման աշխատանքներն իրականացնող տրակտորի վրա նետվել են քարեր։

Տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայրից Ոստիկանության բաժին է տարվել երկու քաղաքացի։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի  264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (երկու դրվագ), նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու որոշում։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: