Լրահոս
30.12.23, 12:00

Սպանության փորձ Վանաձորի 2 բնակչուհիների նկատմամբ՝ վրեժի շարժառիթներով․ նախաքննությունն ավարտվել է

Սպանության փորձ Վանաձորի 2 բնակչուհիների նկատմամբ՝ վրեժի շարժառիթներով․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող խանութում 2 երիտասարդ կանանց նկատմամբ՝ հրազենի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունը։

2023 թվականի սեպտեմբերի 2-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով Վանաձոր բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 կին։

Ահազանգով հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Վանաձոր քաղաքի 24 և 33-ամյա բնակչուհիները հիշյալ վնասվածքները ստացել են իրենց խանութի ուղղությամբ հնչած կրակոցների հետևանքով։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նշված հանցագործությունը կատարվել է վրեժխնդրության շարժառիթով։

Մասնավորապես, Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունենալով անձնական հարցերի հետ կապված անբարյացկամ փոխհարաբերություններ, նրանից վրեժ լուծելու նպատակով, 2023 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում իր մտերիմի վարած ավտոմեքենայով գնացել է համաքաղաքացու ընտանիքին պատկանող մթերային խանութ։

Այնուհետև, իր գործողություններով իրական սպառնալիք ստեղծելով տարածքում գտնվողների կյանքի ու առողջության համար՝ իր մոտ ապօրինի պահվող, ռազմամթերք հանդիսացող՝ ПМ և АПС տեսակի ատրճանակներից և համապատասխան տրա­մաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտներով լիցքավորված հրազենից կրակոցներ է արձակել համաքաղաքացու կնոջ ու եղբոր կնոջ ուղղությամբ՝ վերջիններիս պատճառելով հրազենային վնասվածքներ, վնասելով նաև խանութի ապակիներն ու ներսի գույքը։

Սակայն, հանցագործությունը ավարտիվ չի հասցվել, քանի որ վերջինս վրիպել է, իսկ խանութում գտնվող կանայք թաքնվել են։

Դրանից հետո, Վանաձորի 40-ամյա բնակիչն ու նրա մտերիմը, վերջինիս վարած մեքենայով դիմել են փախուստի։

40-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (2 դրվագ), 335-րդ հոդվածի 1-ին մասով, նրա մտերիմին՝ 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (2 դրվագ)։ 

Նշված 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 40-ամյա տղամարդու մտերիմի մասով նշված խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով և 4.000.000 ՀՀ դրամ գրավով։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: