Լրահոս
17.02.17, 06:40

Սպանություն Արարատում. ձերբակալվել է տուժողի որդին

Սպանություն Արարատում. ձերբակալվել է տուժողի որդին

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 71-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Ձերբակալվել է տուժողի որդին:

2017թ. փետրվարի 16-ին` ժամը 17:50-ին, Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ  իրենց հարևանի տղան  դանակով հարվածել է հորը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ:  Դեպքի վայրում` տան խոհանոցում, հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 71 տարեկան տղամարդու դին` մեջքի վրա ընկած:

Զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել են կտրած –ծակած բազմաթիվ վնասվածքներ. մասնավորապես` որովայնի առաջային պատին և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին հայտնաբերվել են հապատասխանաբար 4 և 3 հատ կտրած-ծակած վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 հատ խոհանոցային դանակ` արնանման հետքերով:

Արարատի մարզային քննչական վարչության Արարատ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի որդին` ծնված 1971թ.: Վերջինս համատեղ ապրել է հոր հետ, չի  աշխատում, տառապում է «Շիզոֆրենիա» հիվանդությամբ:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցներ՝ սպանության պատճառները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: