Լրահոս
06.06.24, 17:47

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անհնազանդության ակցիայի մասնակիցները խուլիգանությամբ վնասել են քաղաքացու ավտոմեքենան, որում գտնվել են դպրոցահասակ երեխաներ. մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անհնազանդության ակցիայի մասնակիցները խուլիգանությամբ վնասել են քաղաքացու ավտոմեքենան, որում գտնվել են դպրոցահասակ երեխաներ. մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

2024 թվականի մայիսի 13-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցում մի խումբ երիտասարդներ աղբամաններով փակել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի դիմացը, որի ընթացքում հարվածներ են հասցվել մեքենայի տարբեր հատվածներին՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել են դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչն իր անձնական օգտագործման «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքից հինգ երեխաների տեղափոխելիս է եղել դպրոց։ Այդ ընթացքում Զ.Սարկավագի փողոցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրների կողմից կազմակերպված անհնազանդության ակցիայի մի խումբ մասնակիցներ աղբամաններով փակել են փողոցի երթևեկելի հատվածը:

Երբ երիտասարդները մերժել են վարորդի՝ ճանապարհը բացելու խնդրանքը, վերջինս փորձել է  շրջանցել ճանապարհի արգելափակված հատվածը: Այդ ընթացքում երիտասարդները, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հաշվի չառնելով, որ ավտոմեքենայում գտնվող անձինք դպրոցահասակ երեխաներ են, վերջիններիս անդորրը խախտելով, հարվածել են ավտոմեքենայի տարբեր հատվածներին՝ արգելելով ավտոմեքենայի ընթացքը: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ավտոմեքենային հարվածած անձանցից մեկի ինքնությունը, ով 19-ամյա երիտասարդ է:

Նախաքննության ընթացքում զննվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են վնասված հատվածներ:

19-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։  Երիտասարդի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: