Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2022թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների մասին
2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ, որից՝
122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 8 քրեական վարույթ կասեցվել է՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի հիմքերով: 16 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 130-ը` միացվել է, 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս:
Դատարան ուղարկված վարույթներից 9-ը եղել է սպանության, 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 25-ը՝ ֆիզիկական ներգործության, 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:
125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: