Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 2021 թվականի ընթացքում քննված քրեական գործերի մասին
2021 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրեական գործ, որից`
4-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը` 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանության, 8-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 4-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 6-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 6-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 44-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 18-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 4-ը՝ 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը` 121-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 9-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 7-ը՝ 132.2-րդ հոդվածով նախատեսված երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման, 1-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 2-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 4-ը՝ 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարության, 10-ը՝ 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 35-ը՝ 141-րդ հոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 25-ը՝ 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 2-ը՝ 144-րդ հոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 1-ը՝ 165-րդ հոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու, 3-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 25-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 4-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 20-ը՝ 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, իսկ 93-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
340 քրեական գործից 90-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 101 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 102 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 73-ը` արդարացնող, իսկ 29-ը` ոչ արդարացնող հիմքով, 60 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 14-ը հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 46-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 17 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 18-ը` միացվել է, 53 քրեական գործ փոխանցվել է 2022 թվական:
Վերը նշված քրեական գործերով 182 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 2-ը եղել են 14-16 տարեկան, 11-ը՝ 16-18 տարեկան, 96-ը՝ 18-35 տարեկան, 73-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 19-ն ունեցել է բարձրագույն, 142-ը՝ միջնակարգ, 11-ը՝ միջին մասնագիտական, 10-ը՝ տարրական կրթություն: 13 մեղադրյալ նախկինում եղել են դատապարտված:
Ըստ կարգավիճակի` 182 մեղադրյալից 73-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամները, իսկ 8-ը` մանկավարժ կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից:
Նշված 340 քրեական գործով 357 անձ ճանաչվել է որպես տուժող, որից 200-ը՝ մինչև 12 տարեկան, 48-ը՝ 12-14 տարեկան, 72-ը՝ 14-16 տարեկան, 37-ը՝ 16-18 տարեկան: