Տեղի է ունեցել «Դեպքի վայրի զննություն» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը (Լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել «Դեպքի վայրի զննություն» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը, որի հեղինակն է ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Պետրոսյանը: Շնորհանդեսին ներկա են գտնվել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՔԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Հայալեզու ուսումնամեթոդական այս ձեռնարկը բաղկացած է 2 մասից, որտեղ հանրամատչելի ներկայացված են դեպքի վայրի զննության հիմունքները՝ դեպքի վայրի զննությանը ներկայացվող դատավարական և քրեագիտության տակտիկամեթոդական հիմնական պահանջները, քննիչի, մասնագետի և այլ մասնակիցների առաջնահերթ գործողությունները, տեսակները, հաջորդականությունը, կիրառվող մեթոդները, դեպքի վայրի լուսա(տեսա)նկարահանման սկզբունքները և այլն: Հեղինակը մեծ ուշադրություն է դարձրել նաև սահմանամերձ գոտում իրականացվող դեպքի վայրերի զննության առանձնահատկություններին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Տ.Պետրոսյանի կատարած աշխատանքը՝ նշելով, որ այն համապարփակ անդրադառնում է քննության ամենակարևոր խնդիրներից մեկին և կարծում է, որ այն կդառնա քննիչների սեղանի գիրքը։ «Ուսումնասիրել եմ ձեռնարկը, լուրջ աշխատանք է կատարվել և այն թե՛ գիտական, թե՛ պրակտիկ առումով շատ արժեքավոր է: Կարծում եմ՝ ձեռնարկը կդառնա քննիչի սեղանի գիրքը, յուրաքանչյուր հանցագործության բացահայտում սկսվում է դեպքի վայրի պատշաճ զննությամբ»,- ասել է Աղվան Հովսեփյանը:
Դեպքի վայրի զննությունը կոչված է ոչ միայն վերականգնել տեղի ունեցած հանցագործության մեխանիզմը, ամրագրել թողնված տարատեսակ հետքերն ու օբյեկտները, ինչը հետագա քննության ընթացքում աներկբա նպաստում է տվյալ հանցագործության բոլոր դրվագների բազմակողմանի բացահայտմանը, այլև՝ աջակցում հանցագործության կատարմանը նպաստող պատճառները վերհանելուն ու դրանց հետագա կանխարգելմանը:
Ձեռնարկը նախատեսված է ինչպես պրակտիկ մասնագետների՝ հետաքննություն և նախաքննություն իրականացնող, փորձագիտական կազմակերպությունների աշխատակիցների, փաստաբանների, դատախազների համար, այնպես էլ՝ քրեագիտության տեսագործնական հարցերով զբաղվող իրավաբանների և ուսանողների համար։