Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հատել են ՀՀ պետական սահմանը․ նրանց մեղադրանքներ են ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված ծավալուն քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2024թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքի տարբեր հասցեներից հայտնաբերվել և ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ի.Ք-ն, Է.Յ.-ն և ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ն:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ք.-ն և Է.Յ-ն, խախտելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, «Բագրատաշեն» անցակետով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել են ՀՀ պետական սահմանը և մուտք գործել ՀՀ, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ-ն առերևույթ օժանդակել է Է. Յ.-ի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելուն և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն:
Քննիչի կողմից Ի.Ք-ին և Է.Յ.-ին մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-469-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մեղադրյալների նկատմամաբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:
Թուրքիայի քաղաքացիներ Ի.Ք-ն և Է.Յ.-ն կալանավորվել են, իսկ Ա.Մ-ի նկատմամաբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: