Վարույթ է ընդունվել «Սիվիլնեթ»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Սիվիլնեթ»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Ըստ քրեական գործի տվյալների՝ «Սիվիլնեթ»-ի լրագրող Ա.Գրիգորյանից 2018 թվականի ապրիլի 21-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս հափշտակել են իր հեռախոսը։
Լրագրողի ներկայացրած հաղորդման, ապա նաև բացատրությունների համաձայն՝ ապրիլի 21-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում նկատել է քաշքշուկ, ինչը տեսագրել է և «Iphone 6s» բջջային հեռախոսով միացել ուղիղ եթեր։ Լրագրողական գործունեությունն իրականացնելիս մի անձ լրագրողին մոտեցել է թիկունքից ու հափշտակել բջջային հեռախոսը, ապա՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է մայիսի 2-ին։ Նույն օրը քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ լրագրողի բջջային հեռախոսը հափշտական անձի, քաշքշուկին մասնակից անձանց ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: