Լրահոս
22.06.17, 13:17

Որոշում է կայացվել մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետին որպես մեղադրյալ ներգրավելու մասին. հայտարարվել է հետախուզում

Որոշում է կայացվել մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետին որպես մեղադրյալ ներգրավելու մասին. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել՝ ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանի նկատմամբ։

Նախնական տվյալներով՝ քաղաքացին ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ 2017թ. ապրիլի 11-ին ներկայացրել է պաշտոնեական փաստաթուղթ՝ ատեստատ՝ միջնակարգ դպրոցն ավարտելու վերաբերյալ: Ատեստատի իրական լինելու հանգամանքը ստուգելու նպատակով դեսպանության կողմից հարցում է ուղարկվել ՀՀ իրավասու մարմիններին, որի արդյունքում  պարզվել է, որ նշված դպրոցի շրջանավարտների ատեստատների բաշխման մատյանում նման անուն-ազգանունով շրջանավարտ գրանցված չէ, այսինքն՝ ատեստատը կեղծ է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ   Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է կեղծ ատեստատի ձեռք բերման աղբյուրը, եղանակը. ըստ քաղաքացիների ցուցմունքների՝ կեղծ ատեստատը ձեռք են բերել Ս.Սահակյանից՝ վճարելով 1500 ԱՄՆ դոլար։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը որոշում է կայացրել՝ Ս.Սահակյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: