Վիճակագրություն, միջնորդագրեր, տեղեկանքներ
09.08.17, 10:17

Ուսումնասիրվել են պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու և առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը

Ուսումնասիրվել են պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու և առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը

ԶԵԿՈՒՅՑ՝

Պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու և առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրվել է 2014թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու և առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

Նախ և առաջ, անհրաժեշտ է նկատի ունենալ որ, օրենսդրությամբ այս բնագավառը քրեաիրավական պաշտպանության տակ է վերցվել երկու ուղղությամբ.

1. ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդված- Առանձնակի արժեք ունեցող, մասնավորապես, պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը:

2. ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդված- Պատմական և մշակութային հուշարձաններ, մասնավորապես պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակութային հուշարձաններ, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քննարկվող ժամանակահատվածում քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից պատմության և մշակութային հուշարձաններ վնասելու դեպքերի առթիվ հարուցվել է 25 քրեական գործ:

Առավել շատ դեպքեր արձանագրվել են Արագածոտնի մարզում` 25 քրեական գործերից 8-ը, Սյունիքի քննչական վարչությունում հարուցվել է 5 քրեական գործ, Կոտայքում` 3, Շիրակում և Գեղարքունիքում` 2-ական, Կենտրոն և Նորք-Մարաշ` 2 և Արարատի ու Տավուշի մարզային քննչական վարչություններում և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 1-ական քրեական գործ:

ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 25 քրեական գործերից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից մեկը` բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու որոշմամբ, 7 քրեական գործի վարույթ կարճվել է հանցադեպի կամ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 9 քրեական գործի վարույթ կասեցվել է` հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով, 4 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի հատկանիշներով` այսինքն առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ` Սյունիքի մարզային քննչական վարչությունում, որի վարույթը կարճվել է անձի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում, որի վարույթը կասեցվել է հանցանք կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով: /«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդից ընդունման-հանձման աշխատանքներն ավարտելուց հետո պարզվել է, որ ֆոնդից բացակայում են թվով 11 առարկաներ` 6 հատ սելջուկական դրամ, 2 հատ իրանական դրամ, 1 հատ կնոջ արձանիկ, 1 հատ բյուզանդական դրամ, 1 հատ կախիկ/:

Այս բնագավառում տեղի ունեցած հանցագործությունների մասին պատկերացում կազմելու նպատակով ներկայացնենք առանձին դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր:

Այսպես.

1. Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն հեթանոսության նկատմամբ իր անհամաձայնությունը կամ ատելությունն արտահայտել է «Գառնի»  տաճարի վրա գրառում կատարելու միջոցով: 2014թ. սեպտեմբերի 26-ին` ժամը 13:30-ի սահմաններում գտնվելով «Գառնի» հեթանոսական տաճարում, նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկով տաճարի հյուսիսային պատի վրա ռուսերեն լեզվով գրել է «աշխարհում կուռքը ոչինչ է» նախադասությունը: Տաճարին պատճառվել է 893.390 դրամի նյութական վնաս: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և Մաքսիմ Նիկիտենկոյի նկատմամբ նշանակվել է պատիժ` կալանք երկու ամիս ժամկետով:

2. Կոտայքի մարզի բնակիչներ Արման Հովհաննիսյանը և Նվեր Զախարյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում պատմության և մշակույթի առանձին արժեք ունեցող մ.թ.ա. 3-րդ հազարամյակի ժամանակաշրջանի ամրոց համալիրի «Աղթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում կատարել են հողաքանդման աշխատանքներ, որի արդյունքում հուշարձանի հնագիտական շերտին պատճառվել է առանձնակի վնաս` փորվել է 2մ 75սմ - 3մ 20սմ չափի փոս և պատճառվել 1.457.000 դրամի նյութական վնաս: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ նշված անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան: Գործը գտնվում է դատաքննության փուլում:

3. Հողաքանդման աշխատանքներ կատարելու միջոցով հուշարձանին առանձնակի վնաս է պատճառվել Հրանուշ Գրիգորյանի կողմից, ով Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի վարչական տարածքում իրեն պատկանող մեկ հեկտար գյուղ նշանակության հողամասին հարակից պետության կողմից պահպանություն իրականացվող, պատմության և մշակույթի առանձնակի արժեք ունեցող մ.թ.ա. 2-րդից մինչև 1-ին հազարամյակների ժամանակաշրջանների «Լազարավան» Քաղաքատեղի» հանրապետական նշանակության հուշարձանի տարածում իր կողմից վարձակալած բանվորների միջոցով կատարել է հողաքանդման աշխատանքներ, որով պատճառվել է 5.485.000 դրամի նյութական վնաս: Քրեական գործը Հայկանուշ Գրիգորյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Հայկանուշ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է համաներում:

Այս դեպքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Հայկանուշ Գրիգորյանը հողաքանդման աշխատանքները կատարել է իր հողի հարակից պահպանության տակ գտնվող տարածքում և փորվել է ոչ ավել ոչ պակաս 900քառ. մ փոս, իբրև թե մատուռ կառուցելու համար:

Բոլորիս համար պարզ է, որ այդ աշխատանքներն իրականացվել են տեխնիկայի օգտագործմամբ և կատարվել են ոչ թե մեկ օրում, մեկ շաբաթում, այլ գուցե և ամիսների ընթացքում և կարելի է ասել բոլորիս աչքի առաջ: Սակայն տևական ժամանակ որևէ մեկը որևէ միջոց չի ձեռնարկել այդ աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ:

4. Մեկ այլ դեպքում պետության կամ մշակութային հուշարձան հանդիսացող տարածքին առանձնակի վնաս է պատճառվել տուն կառուցելու համար քար ստանալու նպատակով, որը տեղի է ունեցել Սյունիքի մարզի «Պոլիգոնե» հնավայրում 2016թ. հունիս-օգոստոս ամիսներին: Նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն` միայն վերականգման համար կարող է ծախսվել ավելի քան 1.980.000 դրամ: Քրեական գործը Սիսիան քաղաքի բնակիչ Արմեն Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում:

5. Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հոգեկան հիվանդությամբ տառապող Մարտուն Ղալումյանը կոտրել, այնուհետև հրկիզել է պետության պահպանության տակ գտնվող պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող «Չարդախլու խաչ» կոչվող մատուռի դուռը` պետությանը պատճառելով 80.000 դրամ նյութական վնաս: Քրեական գործը բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին որոշմամբ ուղարկվել է դատարան: Դատարանի կողմից Մարտուն Ղալումյանի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման պայմաններում հնարավոր չի եղել հայտնաբերել հանցագործություն կատարած անձին, որի հետևանքով, ինչպես նշվեց, 9 քրեական գործով վարույթ կասեցվել է:

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված երկու քրեական գործերի վարույթը կասեցվել է հանցագործություն կատարած անձի անհայտ լինելու պատճառաբանությամբ: Այս երկու քրեական գործերով չնայած չի պարզվել անձի ինքնությունը, սակայն կատարած արարքը ցույց է տալիս նրանց ոչ միայն հակաօրինական, այլ նաև հակաբարոյական բնութագիրը:

Այդ անձինք ներկելու միջոցով վնասել են հանրապետական նշանակություն ունեցող հուշարձաններ հանդիսացող Եղիշե Չարենցի հուշարձանը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի հուշարձանների պատվանդանները` խաթարելով հուշարձանների ընդհանուր տեսքը:

Հանցագործություն կատարած անձինք չեն հայտնաբերվել և քրեական գործի վարույթը կասեցվել է:

2. Հանցագործություն կատարած անձի ինքնությունը չի պարզվել նաև Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործով: Այս դեպքում Կոտայքի մարզի «Ամրոց» հուշարձանի տարածքում փորվել է 1-ից մինչև 2 մետր լայնության և երկարության միջինը կես մետր խորության 9 տարբեր չափերի փոսեր: Ձեռքի աշխատանքային գործիքներով այս փոսերը փորվել են 2016թ. փետրվարի 23-ից մինչև մարտի 12-ը և, կարելի է ասել, այս դեպքում ևս  բոլորի աչքի առաջ, և որևէ մեկը չի միջամտել ու չի կանխել:

3. Արագածոտնի մարզի «Լազարավան» Քաղաքատեղի» հանրապետական նշանակության հուշարձանի տարածում ևս կատարվել են հողաքանդման աշխատանքներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ անհայտ անձանց կողմից փորվել է 95 քառ. մետր փոսեր մինչև 1.5 մետր խորությամբ:

4. Հանցագործություն կատարած անձի ինքնությունը չի պարզվել նաև Սյունիքի մարզի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով: Նախաքննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքի պետության պահպանության տակ գտնվող «Առեղցիե» եկեղեցու տարածքի մշակութային առանձնակի արժեք ունեցող երկու տապանաքարերը վնասվել են անհայտ անձանց կողմից, որի հետևանքով պետությանը պատճառվել է 350.960 դրամի նյութական վնաս:

5. Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ անհայտ անձի կողմից 2016թ. փետրվարի 23-ից մինչև մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող «Հավուց թառ» վանական համալիրի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու հարավային մասում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող մատուռը և բաղկացուցիչ մաս կազմող խաչքարերը վնասելու դեպքի առթիվ:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել, և գործի վարույթը կասեցվել է հանցագործություն կատարած անձի անհայտ լինելու պատճառաբանությամբ:

Ներկայումս նախաքննության ընթացքում է գտնվում Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

1. Քրեական գործը հարուցվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումում կատարված ուսումնասիրության արդյունքներով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի Ռիժկովի 6 հասցեում գտնվող խանութի տարածքը տարիների ընթացքում առանց լիազոր մարմնի թույլտվության փոփոխվել և վերանորոգվել է` չպահպանելով պատմամշակութային հուշարձանի /շենքի/ ճակատային մասը, որի հետևանքով վնասվել է շենքի ճարտարապետական ոճը:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված շենքի վերանորոգման աշխատանքները կատարվել են մինչև 2014թ.` առանց մշակույթի նախարարության և մյուս լիազոր մարմինների հետ համաձայնեցնելու, ինչի մասին վկայում է մշակույթի նախարարության գրությունը: Նման պայմաններում կադաստրային ստորաբաժանումը «գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով պետք է կասեցներ կամ դադարեցներ սեփականության իրավունքի գործընթացը:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունից ստացված գրության համաձայն նշված շենքի ճակատային հատվածում իրականացված վերանորոգումը համարվում է հուշարձանի փոփոխություն, խաթարվել է հուշարձան-շենքի նախաստեղծ կերպարի ճարտարապետական ոճը: Միաժամանակ, նախարարությունը հայտնել է, որ վնասի չափը պարզելու նպատակով կստեղծվի համապատասխան մասնագիտական հանձնաժողով:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի պետի տեղակալ Աշխեն Մովսիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2016թ. օգոստոսի վերջերից մինչև սեպտեմբերի սկիզբը Լճաշեն համայնքի վարչական տարածում գտնվող քարի արտադրամասի աշխատակիցները պետական պահպանության տակ գտնվող մ.թ.ա. 3-1 հազարամյակների բնակատեղի հանրապետական նշանակության հուշարձանախմբի տարածում կատարվել է հողաքանդման գրունտային զանգվածի տեղափոխություն:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ այդ տարածքից գրունտային  զանգված իր «Կամազ» ավտոմեքենայով տեղափոխել է Սևան քաղաքի բնակիչ Վահագն Խաչատրյանն իր որդու և մորաքրոջ տղայի հետ և լցրել Սևանա լճի ափին գտնվող  իր հանգստյան գոտու ճանապարհի վրա:

Պարզվել է նաև, որ այդ տարածքը թեև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ գույքի անշարժ հուշարձանների պետական պահպանության ցուցակում, սակայն այն դեռևս չունի հատուկ պահպանման գոտի, հարակից հողատարածքներից հստակ տարանջատված չէ:

Բացի այդ, այս տարածքում դեռևս անհրաժեշտ է կատարել համապատասխան հնեաբանական աշխատանքներ` պարզելու, թե այստեղ եղել են արդյոք պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ներկայացնող  առարկաներ և եթե եղել են, ապա արդյոք դրանք վնասվել են գրունտային զանգվածի /խիճ, հող/ տեղափոխման հետևանքով:

Նշված հարցերի պարզաբանման նպատակով առաջարկվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին կատարել համապատասխան հետազոտություններ ու ուսումնասիրություններ, որոնց արդյունքների վերաբերյալ պատասխան չի ստացվել:

3. Արագածոտնի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների  և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պետի հաղորդման հիման վրա այն մասին, որ Բյուրական համայնքում գտնվող հանրապետական նշանակություն ունեցող ամրոց «Ինաքլու Դար» հուշարձանի պահպանվող գոտու տարածքում անհայտ անձինք կատարել են հողաքանդման աշխատանքներ, որի արդյունքում ըստ նշված ծառայության կողմից տրված եզրակացության հուշարձանին պատճառվել է 7.412.460 դրամի նյութական վնաս:

Քրեական գործով նշանակվել է պատմամշակութային, մշակութաբանական և հետքաբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

4. Նախաքննության փուլում է գտնվում նաև Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սևակ Սաֆարյանը, Գագիկ և Գուրգեն Ավագյանների հետ Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի հարակից տարածքում գտնվող մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի երեք դամբարանները քանդելու և վնասելու միջոցով պեղել և տիրացել են պատմական և մշակութային արժեք ունեցող առարկաների:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նշված անձանց բնակարաններում և օժանդակ շինություններում, հայտնաբերվել և առգրավվել է 5 հնաոճ սափոր, 2 կավե աման, ասեղ, կախազարդեր, մետաղյա նետասլաքներ, դաշույններ, մետաղյա զարդեր, ինչպես նաև մետաղորսիչ սարք:

Նախաքննության ընթացքում ստացված հնագիտական փորձաքննության եզրակացության համաձայն` Սևակ Սաֆարյանից առգրավված առարկաները հիմնականում բրոնզե և կավե իրեր են` թասեր, կճուճներ, սափորներ, նետասլաքներ, ապարանջաններ և այլն: Դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած ներկայացնում են պատմական, մշակութային, գեղարվեստական, գիտական կարևոր արժեք:

Գտածոների գումարային չափման որևէ հաստատված մեթոդ Հայաստանում չկա, ինչը թույլ չի տալիս հաշվարկելու դրանց ֆինանսական արժեքը: Այն կարելի է հաշվարկել ՀՀ տարբեր թանգարանների փորձառու մասնագետներից և փորձագետներից կազմված հանձնաժողով ստեղծելու ճանապարհով:

Քրեական գործով հարցում է կատարվել մշակույթի նախարարություն` պարզելու թե նշված բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքը որևէ կերպ առանձնացված է, թե ոչ, և բացի այդ, արդյոք նշված տարածքը պետության պահպանության տակ վերցված է, թե ոչ: Հարցման պատասխանը դեռևս չի ստացվել:

Հատկանշական է, որ այս անձնավորությունն աչքի է ընկնում հնագիտական արժեքներ, գանձեր գտնելու իր ունակությամբ, այն առումով, որ դեռևս 2016թ. մարտին նույն Սևակ Սաֆարյանը և Սամվել Պապյանը մետաղորսիչ սարքի միջոցով հայտնաբերել են մ.թ.ա 3-2-րդ հազարամյակների մեծ քանակությամբ տարբեր տեսակի հնագիտական բացառիկ արժեք ներկայացնող 265 կտոր առարկաներ, որոնք հանձնվել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության տնօրինությանը:

Նախաքննության ընթացքում Սևակ Սաֆարյանը և Սամվել Պապյանը ցուցմունք են տվել, որ այդ հնագիտական արժեքները պեղել և հայտնաբերել են Կապանի Եղվարդ գյուղի տարածքից, որտեղ որևէ նշում չի եղել, որ այդ տարածքները պատմության և մշակութային հուշարձան են հանդիսանում:

Սևակ Սաֆարյանը հանձնված հնագիտական առարկաների համար փոխհատուցում ստանալու կապակցությամբ պարբերաբար դիմում-բողոքներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը և իրավապահ մարմիններին:

5. Լոռու մարզի դատախազության կողմից 2017թ. օգոստոսի 1-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ և 265-րդ հոդվածներով և ուղարկվել է Լոռու մարզային քննչական վարչություն նախաքննություն կատարելու համար:

Նյութերի նախապատրաստման և գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գագիկ Վերանյանն իր հոր` Վանիչկա Վերանյանին հուղարկավորել է «Սանահին» վանական համալիրի տարածքում, «Զաքարյանների» տոհմական դամբարանի տապանաքարերը տեղահանել և 1.5 մետր հեռացրել իր նախկին դիրքից, և ըստ վանական համալիրի քահանա Տեր Ավետիք Աբեղա Սողոմոնյանի բացատրության` նորակառույց գերեզմանը կառուցվել է հնադարյա աճյունների վրա:

Նախաքննության ընթացքում ստացվել է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Լոռու և Տավուշի տարածքային բաժնի գրությունն  այն մասին, որ «Սանահին» վանական համալիրում կատարված ապօրինի հուղարկավորությունը, որի հետևանքով տեղաշարժվել է «Զաքարյանների» դամբարանի երկու տապանաքարերը, տեղի է ունեցել Սանահինի համայնքապետ Արծրուն Երիցյանի և Սանահինի քահանա Ավետիք Աբեղա Սողոմոնյանի անփութության և թողտվության հետևանքով:

Գագիկ Վերանյանը տեղի ունեցածի կապակցությամբ հայտնել է, որ ինքը հուղարկավորություն կատարելիս  տեղյակ չի եղել որ այդ տարածքը «Սանահին» վանական համալիրին է պատկանում:

Նախաքննությունը շարունակվում է:

Այսպիսով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս բնույթի հանցագործությունների բացահայտման հետ կապված կան որոշակի առանձնահատկություններ և բարդություններ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է այս գործերով դեպքի վայրերի ոչ հստակ տարանջատմանը հարակից հողային տարածքներից, և առաջին հայացքից պարզ չէ, թե պատմամշակութային արժեք հանդիսացող տարածն իր մեջ ինչ սահմաններ է ընդգրկում, չկան ցուցանակներ և այդ տարածքները գրեթե չեն պահպանվում:

Այս գործերով նշանակվում են տարբեր բնույթի փորձաքննություններ, մասնավորապես, հնեաբանական, պատմամշակութաբանական, հետքաբանական, մշակութաբանական, ապրանքագիտական փորձաքննություններ, որոնց կատարումը, որպես կանոն, ձգձգվում է բավարար քանակի փորձագետներ չլինելու պատճառով, շատ դեպքերում փորձագետները չեն կարողանում տալ պատճառված վնասի չափը կամ առանձնակի արժեք ունեցող առարկաների դրամական արժեքը:

Քննարկվող հանցագործությունների կանխարգելման, կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների կապակցությամբ առաջարկում ենք.

Պատմության և մշակութային հուշարձանների պահպանություն իրականացնող լիազոր մարմիններին.

  • Հնարավորինս տարանջատել այդ տարածքները, տեղադրել համապատասխան նախազգուշացնող տարբերանշաններ,
  • ձեռնարկել համապատասխան միջոցառումներ այդ տարածքների պահպանության ուղղությամբ:

    1. Այս բնույթի հանցագործությունների քննության տակտիկային և մեթոդիկային առավելագույնս տիրապետելու նպատակով քննիչների համար անցկացնել մասնագիտական պարապմունքներ:

    2. Այս հանցագործությունների կանխարգելման, իսկ արդեն իսկ կատարված հանցագործությունների բացահայտման նպատակով ապահովել գործնական համագործակցություն իրավապահ մարմինների, մասնավորապես, ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ` առավելագույնս ներգրավելով հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին: