Լրահոս
20.02.24, 11:53

Խմբի կազմում ավազակություն կատարելու, հինգ անձի նկատմամբ բռնություն գործադրելու և վնասվածքներ պատճառելու վերաբերյալ վարույթը, յոթ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

Խմբի կազմում ավազակություն կատարելու, հինգ անձի նկատմամբ բռնություն գործադրելու և վնասվածքներ պատճառելու վերաբերյալ վարույթը, յոթ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

Ավարտվել է Պռոշյան գյուղում բռնություն գործադրելով ավազակություն, մի խումբ անձանց կողմից համագյուղացիների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու և վերջիններիս առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, որոնցից մեկն անչափահաս է, և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը. վերջիններիս գործողություններին տրվել են համարժեք իրավական գնահատականներ:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Պռոշյան համայնքի թվով 7 բնակիչներն այլ անձանց հետ, ավտոմեքենաներով, խմբի կազմում, մարմնական վնասվածք պատճառելու նպատակով, այցելել են նշված համայնքում վարձակալությամբ բնակվող անձի տուն, որտեղ, խմբի կազմում, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև քննությամբ չպարզված առարկաների գործադրմամբ, հարվածներ են հասցրել վերջինիս և նրա  չորս որդիների, ինչպես նաև՝ վերջիններիցս մեկի կնոջ մարմնի տարբեր հատվածներին՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Այնուհետև, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից երկուսը, բռնության գործադրմամբ, քաշել-պոկելու եղանակով, հափշտակել են տուժողներից մեկին պատկանող ոսկյա վզնոցը, ինչպես նաև՝ տուժողներից մեկի կնոջը պատկանող ոսկյա վզնոցը և ոսկյա խաչը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (3 դրվագ), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով և 252-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար:

Եվս հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (3 դրվագ), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Որպես խափանման միջոց մեղադրյալներից մեկի նկատմամբ ընտրվել է տնային կալանք, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն, մյուս հինգի նկատմամբ՝ բացակայելու արգելք:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, յոթ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: