Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններ

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին (ինկորպորացված տարբերակ)

դեկտեմբեր 04, 2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 
 
Հրամանը՝


 

 

 

ք.Երևան, 04.12.2019թ., N 153-Լ

Ինկորպորացիա
27.12.2014թ., N 18-Լ


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 18-րդ մասը և  ղեկավարվելով  12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`

 

Հրամայում եմ՝

 

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն  հավելվածի (կցվում է):

2.Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Թամազյանին` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց տասնութ ամիս հետո ապահովել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների առաջին ատեստավորման անցկացումը:

3.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:


Ա. Գ. Հովսեփյան

                                 

 

«  » դեկտեմբերի 2014թ., ք. Երևան

                                                                                                 Հավելված

                                                                                       Հաստատված  է
Հայաստանի Հանրապետության
                                                                                       քննչական կոմիտեի նախագահի
«      »  ----- 2014թ.
թիվ ----- Լ հրամանով

                                                                                   

                              

      

    ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵԻ   ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 

 

I.ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է  Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)  որակավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգը:

2.Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով, սույն կարգով և իրավական այլ ակտերով:

3. Հանձնաժողովին վերապահված լիազորությունների  լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովում է  Կոմիտեի  դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը:


II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

4. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) ապահովել Կոմիտեում ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող որակավորման տարեկան և լրացուցիչ ստուգումները,
2)ապահովել Կոմիտեում ատեստավորման ենթակա ծառայողների ատեստավորում անցկացնելու գործընթացը,
3)ապահովել Կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորումը,
4)ապահովել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-ից 19-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացումը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

5.Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով:

6.Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

7.Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: 

8.Հանձնաժողովի նիստերը սղագրման եղանակով արձանագրում է Հանձնաժողովի նիստերի քարտուղարը:

9.«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-ից 19-րդ կետերով նախատեսված Հանձնաժողովի  լիազորությունների  իրականացումը կազմակերպում է  Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունը:


IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

10.Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,
2) վարում է Հանձնաժողովի նիստերը,
3)կազմակերպում է Կոմիտեի թեկնածությունների ցուցակի համալրման, Կոմիտեի ծառայողների ատեստավորման և ծառայողական առաջխաղացման ցուցակների  ձևավորման աշխատանքները,
3.1) մասնակցում է Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող գրավոր քննությանը, հարցազրույցին և Կոմիտեի ծառայողների ատեստավորմանը, ստուգում է նրանց  գիտելիքները, (3.1-ին ենթ. լրաց. 05.04.2019. N 49-Լ)
3.2) մասնակցում է հարցազրույցի և ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր հայտատուի կամ ծառայողի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ, (3.1-ին ենթ. լրաց. 05.04.2019. N 49-Լ)
4)ամփոփում և հայտարարում է Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման, ծառայողների ատեստավորման արդյունքները,
5)իրականացնում է  սույն կարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:


V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

11.Հանձնաժողովի անդամը`
1)Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է նիստերը,
2)մասնակցում է Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող գրավոր քննությանը, հարցազրույցին և Կոմիտեի ծառայողների ատեստավորմանը, ստուգում է նրանց  գիտելիքները,
3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ  կամ սխալ լինելու  մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում  տալիս է ճիշտ պատասխանը,
4)մասնակցում է հարցազրույցի և ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր հայտատուի կամ ծառայողի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ  կամ դեմ, (4-րդ ենթ. փոփ. 05.04.2019. N 49-Լ)
5) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,
6)իրականացնում է  սույն կարգով և իրավական այլ ակտերով  իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:


VI.ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԿԱՐԳԸ  

12.Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը (այսուհետ` Թեկնածությունների ցուցակ)  համալրում է Հանձնաժողովը` տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին:

13.Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում  կարող է  անցկացվել հավակնորդների լրացուցիչ որակավորման ստուգում:

13.1. Որակավորման ստուգումը բաղկացած է փաստաթղթերի ստուգման, գրավոր քննության և հարցազրույցի անցկացման փուլերից: (13.1-ին կետը. լրաց. 05.04.2019. N 49-Լ)

14.Հանձնաժողովը Թեկնածությունների ցուցակի  համալրման նպատակով  հայտերի  ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ, առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային  ծանուցումների  պաշտոնական ինտերնետային կայքում /www.azdarar.am/ և Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` թեկնածությունների ցուցակի  համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին` նշելով  դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման  գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:

15.Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

15.1. Հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում  հայտերի ընդունման և Թեկնածությունների ցուցակը կազմելու ընթացակարգը: (15.1-ին կետը. լրաց. 05.04.2019. N 49-Լ)

15.2. Հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ  ճանաչվելու դեպքում  հայտատուի  հայտը  քննարկվում է Հանձնաժողովի կողմից: (15.2-րդ կետը. լրաց. 05.04.2019. N 49-Լ)


VII. ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
(Վերնագ. փոփ. 05.04.2019. N 49-Լ)

16.Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող գրավոր քննության հարցաշարը կազմվում է նախօրոք, հաստատվում է Կոմիտեի նախագահի  կողմից և քննությունից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակվում Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում:

17. Հարցաշարը բաղկացած է երկու հարյուր երեսուն հարցից, որոնք ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
1) կրիմինալիստիկա՝ հիսուն հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք՝ հարյուր հարց,
3) Հայաստանի Հանրապետության քրեադատավարական իրավունք՝ ութսուն հարց: (փոփ. 10.12.2018թ. N 203-Լ)

18.Հանձնաժողովը, մինչև գրավոր քննությունը, համակարգչում զետեղված կամ թղթային տարբերակով կազմված հարցաշարից, պատահական ընտրությամբ, ընտրում է գրավոր քննություն անցկացնելու համար հարցեր և կազմում հայտատուների քանակին համապատասխան հարցատոմսեր՝ հետևյալ չափաբաժիններով.
1) կրիմինալիստիկա՝ մեկ հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք՝ մեկ հարց,
3)Հայաստանի Հանրապետության քրեադատավարական իրավունք՝ մեկ հարց:
(փոփ. 10.12.2018թ. N 203-Լ)

18.1. Հարցազրույցի առաջադրանքները կազմվում են գրավոր քննության համար նախատեսված հարցաշարի շրջանակներում և հաստատվում Հանձնաժողովի կողմից:

18.2. Առաջադրանքն իրենից ներկայացնում է իրավական խնդիր՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու, կիրառելու, կրիմինալիստիկական հնարքներ օգտագործելու պահանջով:

18.3. Հարցազրույցի օրվանից առնվազն 3 օր առաջ հանձնաժողովը գրավոր քննության փուլը հաղթահարած հայտատուների քանակին համապատասխան կազմում է հարցատոմսեր՝ յուրաքանչյուրում ներառելով մեկ առաջադրանք: Հարցատոմսերը տեղադրվում են ծրարների մեջ, որոնք կնքվում են:
(18.1-18.3-րդ կետերը լրաց. 05.04.2019. N49-Լ)


VIII.ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

19.Գրավոր քննությունն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:

20.Հավակնորդը գրավոր քննությանը  մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել  քննասենյակ:

21.Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է գրավոր քննությունը  սկսելուց 10 րոպե առաջ:

22.Գրավոր քննության մասնակիցներին արգելվում է  քննասենյակ բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:

23.Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է գրավոր քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատաս­խանում մասնակիցների  հարցերին:

24.Քննասենյակում յուրաքանչյուր հավակնորդ զբաղեցնում է առանձին գրասեղան։

25.Քննության տևողությունը երկու ժամ  է։

26.Մինչև  քննության   սկիզբը յուրաքանչյուր հավակնորդ Հանձնաժողովի քարտուղարից ստանում է ծրար, որը պարունակում է`
1)հարցատոմս,
2)Հանձնաժողովի կողմից  դրոշմված, ծածկագրված տետր,
3)գրիչ:
Հանձնաժողովի քարտուղարը քննության ավարտից 10 րոպե առաջ մասնակիցներին հիշեցնում է մնացած ժամանակի մասին:

27.Աշխատանքն ավարտելուց կամ գրավոր քննության համար  հատկացված ժամանակը սպառվելուց հետո, մասնակիցը Հանձնաժողովի քարտուղարին է հանձնում ծածկագրված տետրը և  ծրարը:

28.Քարտուղարն աշխատանքը  պատճենահանման սարքի միջոցով պատճենահանելուց հետո  պատճենը հանձնում է մասնակցին, իսկ ծրարավորված բնօրինակը` Հանձնաժողովի նախագահին:

29.Սույն բաժնում նշված պահանջները խախտելու դեպքում Հանձնաժողովը դադարեցնում է հայտատուի մասնակցությունը քննությանը, աշխատանքը ճանաչում է անվավեր և գնահատում զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում մասնակցի գրավոր աշխատանքի վրա և կազմում համապատասխան արձանագրություն:


IX. ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՑՈՒՑԱԿԻ  ՀԱՄԱԼՐՄԱՆ  ՀԱՄԱՐ  ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
(Վերնագ. փոփ. 05.04.2019. N 49-Լ)

30.Հանձնաժողովը հայտատուի գրավոր աշխատանքը ստուգելիս գնահատում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը:

31.Ստուգված գրավոր աշխատանքը պետք է պարունակի դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումները,  որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:

32.Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները։

33.Հարցատոմսը գնահատվում է  յոթանասունհինգ բալային համակարգով:

34.Հարցատոմսի յուրաքանչյուր հարցի պատասխանը գնահատվում է  առավելագույնը  քսանհինգ  միավոր: (34-րդ կետը փոփ. 05.04.2019. N 49-Լ)

35.Տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփվելուց հետո:

36.Գրավոր աշխատանքը գնահատվում է զրո միավոր, եթե այն ներկայացվել է չծածկագրված, չդրոշմավորված տետրով, այլ գրիչով գրված կամ այլ  անհատականացնող նշումներով:

37.Կոմիտեի ծառայողների Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության արդյունքները հրապարակվում են մինչև անցկացման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:

38.Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության արդյունքները՝ յուրաքանչյուր հարցի համար ստացած գնահատականը և հավակնորդների հանրագումարային միավորները, հրապարակվում են Հանձնաժողովի նախագահի կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամի  կողմից: (38-րդ կետը փոփ. 05.04.2019. N 49-Լ)

38.1. Հանձնաժողովի նախագահը թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության արդյունքների հրապարակման օրվանից եռօրյա ժամկետում Կոմիտեի նախագահին է ներկայացնում զեկուցագիր, որում ամփոփվում են տվյալ օրվա գրավոր քննության արդյունքները և ներկայացվում առաջարկություններ: (կետը լրաց. 04.12.2019. N 153-Լ)

39. Գրավոր քննության արդյունքում անցողիկ՝ հիսուն և ավելի միավորներ հավաքած հայտատուները իրավունք են ստանում մասնակցելու հարցազրույցի փուլին: (39-րդ կետը փոփ. 05.04.2019. N 49-Լ)

40.(40-րդ կետը ուժը կորցր. 05.04.2019. N 49-Լ)

41.(41-րդ կետը ուժը կորցր. 05.04.2019. N 49-Լ)

42. (42-րդ կետը ուժը կորցր. 05.04.2019. N 49-Լ)


IX1. ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
(9-րդ գլուխը լրաց. 05.04.2019. N 49-Լ)

42.1. Թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացված գրավոր քննության արդյունքները հայտարարելուց հետո 5 օրյա ժամկետում իրականացվում է հայտատուների հարցազրույցի կազմակերպման գործընթացը:

42.2. Հարցազրույցի նպատակն է ստուգել հայտատուի գործնական ունակությունները և հմտությունները:

42.3. Հարցազրույցի սենյակ հայտատուն ներկայանում է անձամբ, նիստերի քարտուղարի հրավերով:

42.4. Հայտատուն Հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը և ազգանունը:

42.5. Հայտատուին արգելվում է մտնել հարցազրույցի անցկացման սենյակ՝ իր մոտ ունենալով տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:

42.6. Յուրաքանչյուր հայտատուի հարցազրույցն անցկացվում է առանձին:

42.7. Հայտատուն իր ցանկությամբ ընտրում է կնքված ծրարներից մեկը և հայտնում է հարցատոմսի համարը:

42.8. Հայտատուին ժամանակ է տրվում առաջադրանքին ծանոթանալու համար:

42.9 Հարցազրույցի ընթացքում հայտատուին կարող են տրվել նաև առաջադրանքին առնչվող հարակից բանավոր հարցեր: Հարցազրույցի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հայտատուին կարող է տալ առավելագույնը երկու հարակից հարց: Յուրաքանչյուր հարցից հետո, հարց տվող Հանձնաժողովի անդամը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ նշվում է ճիշտ պատասխանը: Հարակից հարցերի ընդհանուր քանակը չի կարող գերազանցել տասը հարցը:

42.10 Հանձնաժողովը քվեարկության միջոցով՝ ձայների պարզ մեծամասնությամբ ամփոփում է հարցազրույցի արդյունքները՝ տալով դրական կամ բացասական եզրակացություն: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: 

42.11. Հանձնաժողովը կայացրած որոշման մասին հայտնում է հայտատուին` հարցազրույցի արդյունքների ամփոփման ավարտից անմիջապես հետո:

42.12. Հարցազրույցի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում է առաջադրանքը, հարակից հարցերը և հայտատուի պատասխանների ճիշտ կամ սխալ լինելը,  քվեարկության արդյունքները: Արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:Հանձնաժողովի նախագահը հարցազրույցի օրվանից եռօրյա ժամկետում Կոմիտեի նախագահին է ներկայացնում զեկուցագիր, որում ամփոփվում են տվյալ օրվա հարցազրույցի արդյունքները և ներկայացվում առաջարկություններ: (լրաց. 04.12.2019. N 153-Լ)

42.13. Հանձնաժողովի որոշմամբ Հանձնաժողովի նիստը կարող է ձայնագրվել:

42.14. Դրական եզրակացություն ստացած հայտատուներն ընդգրկվում են թեկնածությունների ցուցակում:

42.15. Թեկնածությունների ցուցակի համալրման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ցուցակը ներկայացվում է արդարադատության ակադեմիա:


X. ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

43.Ատեստավորումն  անցկացվում է զբաղեցրած պաշտոնին Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև` ծառայողական առաջխաղացման նպատակով:

44. Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը մինչև փետրվարի 20-ը Կոմիտեի նախագահին է ներկայացնում տվյալ տարում հերթական ատեստավորման ենթակա Կոմիտեի ծառայողների ատեստավորման ժամանակացույցը, որը հաստատվում է հրամանով: (44-րդ կետը փոփ. 05.04.2019. N 49-Լ)

45.Ատեստավորման ենթակա Ծառայողները ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կողմից ծանուցվում են ատեստավորում անցկացնելու օրվա և ժամի մասին` նրանցից ստորագրություն վերցնելով: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)

46.Ատեստավորման օրվանից առնվազն երկու շաբաթ առաջ, Ծառայողի ստորաբաժանման կամ մարմնի պետը, Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Ծառայողի  ծառայողական բնութագիրը: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)

47.Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ Ծառայողի մասին` ծննդյան թիվը, ազգությունը, կրթությունը, այլ մարմիններում և զբաղեցրած պաշտոնում աշխատանքային ստաժը, նշանակումից կամ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում ունեցած խրախուսանքներն ու կարգապահական տույժերը, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է ծառայողի անմիջական ղեկավարի կողմից տրված եզրակացության վրա, որը տրվում է  նշանակումից կամ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում ծառայողի կողմից կատարած  տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ  անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների հիման վրա: (47-րդ կետը փոփ. 05.04.2019. N 49-Լ)

48.Ծառայողի աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկությունների բնութագրումը պետք է լինեն հստակ, հիմնավոր և օբյեկտիվ: Ծառայողական բնութագրում նշվում են ինչպես նրա դրական հատկանիշները, այնպես էլ աշխատանքում և վարքագծում թույլ տրված խախտումները, թերություններն ու բացթողումները (առկայության դեպքում): Ստորաբաժանման կամ մարմնի պետի կողմից  բնութագրի չափանիշների անտեսումը կամ սահմանված կարգի խախտմամբ բնութագիրը ներկայացնելը համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)

49.Ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին:

50.Նախքան ատեստավորումը Հանձնաժողովի քարտուղարը հրավիրում է ատեստավորվողների՝ ստորաբաժանման կամ մարմնի պետերին, ստուգում է ատեստավորվողների ներկայությունը, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարվում է ատեստավորման սկիզբը: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)

50.1. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում ատեստավորման աշխատանքները ղեկավարում է Հանձնաժողովը անդամը՝ Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

50.2. Ատեստավորումն իրականացվում է փաստաթղթային կամ փաստաթղթային և հարցազրույցի փուլերով:

50.3. Փաստաթղթային փուլում հանձնաժողովը քննարկում է ստորաբաժանման կամ մարմնի պետի կողմից ծառայողի վերաբերյալ ներկայացված բնութագիրը՝ բնութագրված հատկանիշների իրատեսականության և փաստաթղթային տվյալների իրավական ակտերին համապատասխանության համատեքստում:

50.4.Ծառայողի բնութագիրը ներկայացնում է ստորաբաժանման կամ մարմնի պետը, բացառիկ դեպքերում նրա տեղակալը: Փաստագրված հատկանիշների կապակցությամբ հանձնաժողովի անդամը կարող է հստակեցնող կամ լրացուցիչ հարցեր տալ:

50.5.Բացառիկ դեպքերում փաստաթղթային փուլի արդյունքները բավարար կարող են լինել ծառայողի նկատմամբ «համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» հանձնաժողովի որոշման ընդունման համար, երբ հիմնվելով առկա տվյալների վերլուծության վրա, հանձնաժողովի անդամի առաջարկով քվեարկության է դրվում և միաձայն ընդունվում ծառայողի պաշտոնին համապատասխանության հարցը, եթե դրա վերաբերյալ չի առարկում ատեստավորվողը:

(50.1-50.5-րդ կետերը լրաց. 01.02.2016թ. N 4-Լ)

51. Ատեստավորման սենյակ Ծառայողը ներկայանում է անձամբ, նիստերի քարտուղարի հրավերով՝ ներկայացնելով իր ծառայողական վկայականը: Ատեստավորմանն անհարգելի պատճառով չներկայանալը համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)

52.Ծառայողը Հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:

53.Ծառայողին արգելվում է մտնել ատեստավորման անցկացման սենյակ՝ իր մոտ ունենալով տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:

54. (ուժը կորցր. 01.02.2016թ. N 4-Լ)

55. (ուժը կորցր. 01.02.2016թ. N 4-Լ)

56.Հարցազրույցը Ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառույթներից բխող պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգումն է` հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով: (56-րդ կետը փոփ. 05.04.2019. N 49-Լ)

57.Հարցազրույցի ծրագիր-հարցաշարը հաստատում է Կոմիտեի նախագահը: Ծրագիր-հարցաշարը բաղկացած է հարյուր հիսուն հարցից, որոնք ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
1)  Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք՝ հիսուն հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեադատավարական իրավունք՝ հիսուն հարց,
3)  կրիմինալիստիկա՝ հիսուն հարց: (կետը լրաց. 21.02.2019թ. N 25-Լ)

58.Ծառայողին հնարավորություն է ընձեռվում, ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ծանոթանալ ծրագիր-հարցաշարին:

59.Յուրաքանչյուր ծառայողի հարցազրույցն անցկացվում է առանձին:

60. Հարցազրույցն անցկացվում է Հանձնաժողովի կողմից կազմված հարցատոմսերով: Յուրաքանչյուր ատեստավորման համար Հանձնաժողովը կազմում է առնվազն 20 հարցատոմս: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)

61.Հարցատոմսը կազմվում է հաստատված հարցաշարից՝ հետևյալ չափաբաժիններով.
1) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքից՝ 1 հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունից՝ 1 հարց,
3) կրիմինալիստիկայից՝ 1 հարց: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ, 21.02.2019թ. N 25-Լ)

62.Հանձնաժողովին տրվում են հարցատոմսերի հարցերի ճիշտ պատասխանները: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)

63.Ծառայողը, ծանոթանալով հարցատոմսին, իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:

64. Հարցազրույցի ընթացքում ծառայողի կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր, իրավիճակային խնդիրներ, որակման կամ տարբերակման հարցեր կամ Ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառույթներից բխող պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգմանն ուղղված այլ հարցեր: Հարցազրույցի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ծառայողին կարող է տալ առավելագույնը երկու հարց: Յուրաքանչյուր հարցից հետո, հարց տվող Հանձնաժողովի անդամը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ նշվում է ճիշտ պատասխանը: Հարակից հարցերի ընդհանուր քանակը չի կարող գերազանցել տասը հարցը: (լրաց. 01.02.2016թ. N 4-Լ)

65.Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է, կարող է կիրառվել նաև ձայնագրություն:

66.Արձանագրության մեջ նշվում է ծառայողին տրված հարցերը և դրանց պատասխանների ճիշտ, մասնակի ճիշտ կամ սխալ լինելը: Արձանագրության տակ ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)

67.Հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է ‹‹Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին›› Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը՝
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
2)համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով քննչական կոմիտեի  ծառայողների առաջխաղացման ցուցակում,
3)համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով,
4)համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ կոչում շնորհելու մասին,
5)չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին,
6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:

68.Հարցազրույցի ավարտից հետո Հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով քննչական կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում,
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով,
4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ կոչում շնորհելու մասին,
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին,
6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)

69. Հանձնաժողովը յուրաքանչյուր ծառայողի ատեստավորման ավարտից հետո կայացրած որոշման մասին անմիջապես հայտնում է տվյալ ծառայողին:
(կետը փոփ. 01.02.2016թ. N 4-Լ, 05.04.2019. N 49-Լ)

70.Ծառայողն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է արդյունքները  եռօրյա ժամկետում բողոքարկել  Կոմիտեի նախագահին:

70.1. Հանձնաժողովի նախագահը ատեստավորման օրվանից եռօրյա ժամկետում Կոմիտեի նախագահին է ներկայացնում զեկուցագիր, որում ամփոփվում են տվյալ օրվա ատեստավորման արդյունքները և ներկայացվում առաջարկություններ: (կետը լրաց. 04.12.2019.N 153-Լ)

71.Ծառայողի ատեստավորման արդյունքերը և Հանձնաժողովի ընդունած որոշումները գնահատագրում ներառելուց հետո Հանձնաժողովի նախագահը եզրակացությունը եռօրյա ժամկետում ներկայացնում է Կոմիտեի նախագահին:

72. (ուժը կորցր. 01.02.2016թ. N 4-Լ)

73.Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացնում Ծառայողի ատեստավորման արդյունքում կայացված որոշումը` անձնական գործում պահելու և սահմանված կարգով արխիվացնելու համար:


XI. ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ  ՑՈՒՑԱԿԸ

74.Կոմիտեի Ծառայողների առաջխաղացման  ցուցակը  ձևավորում է  Հանձնաժողովը`
1) Ծառայողների  հերթական ատեստացիայի ժամանակ,
2) Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում արտահերթ կարգով, երբ  Կոմիտեի նախագահը կամ նրա  տեղակալն առաջարկություն է ներկայացնում  Հանձնաժողով`  Ծառայողի նկատմամբ  որպես խրախուսում  նրան առաջխաղացման  ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան  ծառայողական բնութագիր,
3)այն դեպքերում, երբ Հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության  ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ թեկնածությունների ցուցակում և ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ:


XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

75.Հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Կոմիտեի նախագահի  կողմից` համապատասխան իրավական ակտի ընդունմամբ: