18-ամյա երիտասադին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 18-ամյա բնակչին:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 18-ամյա բնակիչը, 2019 թվականի սեպտեմբերի 1-ին «Տելեգրամ» սոցիալական կայքում ծանոթանալով «Կես գնով թղթադրամներ» ձեռք բերելու մասին հայտարարությանը, այդ նպատակով չպարզված հաշվեհամարին փոխանցելով գումար, ստացել է քարտեզի տեսքով ուղեցույց, որից հետո գնացել է Երևան քաղաքի ՀԱԹ թաղամասի շենքերից մեկը և շքամուտքում տեղադրված հաշվիչ սարքերի պահատուփերի վրայից վերցրել 12 հատ 20.000-ական ՀՀ թղթադրամներից բաղկացած ընդհանուր՝ 240.000 ՀՀ դրամ: Նշված թղթադրամներով քաղաքի տարբեր խանութներից գնումներ է կատարել, իսկ մնացածը իրացնելու նպատակով պահել է իր մոտ:
13.10.2019թ. 18-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 9 հատ՝ 20.000 անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք իրեղեն ապացույց են ճանաչվել:
Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: