Լրահոս
30.01.20, 08:25

27-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար. գործը դատարանում է

27-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1992 թվականին, հափշտակությունների մեխանիզմը, տուժողների շրջանակը, որոնցից 12-ը ֆիզիկական անձինք են, իսկ մեկն իրավաբանական անձ է:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդ աղջիկը hամացանցի «Facebook» սոցիալական կայքում այլ անձի տվյալներով գրանցված իր անհատական էջի միջոցով նամակագրություն վարելով նույն կայքի անհատական էջի օգտատիրոջ հետ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նրա մոր անվամբ վարկ ձևակերպելու պատրվակով, վստահությունը չարաշահելու եղանակով ստացել է վերջինիս մոր նույնականացման քարտի լուսանկարները, որից հետո՝ 2019 թվականի փետրվարի 26-ին, իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսով մուտք է գործել հայաստանյան բանկերից մեկի ծրագրային ապահովման հավելված և առցանց եղանակով, իր տրամադրության տակ գտնվող ուրիշի նույնականացման քարտի տվյալներն օգտագործելով, օգտատիրոջ մոր անվամբ կնքել է 1 000 000 ՀՀ դրամ գումարի վարկ տրամադրելու վերաբերյալ պայմանագիր, իսկ մի քանի օր անց ստացել այլ անձի տվյալներով գրանցված բանկային քարտը և կանխիկացման եղանակով հափշտակել դրանում առկա գումարն ամբողջությամբ։

Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև հանցագործության այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 27-ամյա աղջիկը, 2019 թվականի մարտի 6-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափաշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, համացանցում ստեղծել է կեղծ էջ, որտեղ տեղադրել է գրավիչ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություն՝ «Գումարի տրամադրում» անվամբ, որի շնորհիվ նրան են դիմել հայտարարությանը ծանոթացած տարբեր քաղաքացիներ:

Այնուհետև էջին հաղորդագրություն ուղարկած անձանցից հետաքրքրվել է նրանց վարկունակության մասին և թիրախավորելով դրական վարկային պատմություն ունեցող անձանց՝ առցանց եղանակով վարկեր տրամադրելու պատրվակով, չարաշահելով իրեն դիմած քաղաքացիների վստահությունը, վերջիններից խաբեությամբ ստացել է նրանց անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները՝ բանկերից մեկի բջջային հավելվածի միջոցով վարկ ստանալու նպատակով:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 27-ամյա աղջիկը նշված հավելվածի միջոցով առցանց եղանակով թվով 11 քաղաքացիների անվամբ բանկի հետ կնքել է վարկային պայմանագրեր, որոնց օգտագործմամբ ձևակերպվել են ընդհանուր 8 000 000 ՀՀ դրամ գումարի վարկեր: Քննության տվյալներով՝ նշված վարկերի մի մասը աղջկա կողմից փոխանցվել է այլ անձի տվյալներով բացված, սակայն իր կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին, իսկ մի մասն էլ՝ վերջինիս մոր տվյալներով նույն բանկում բացված, իր կողմից տնօրինվող հաշվեհամարի բանկային քարտին՝ հափշտակելով նշված երկու բանկային քարտերի հաշվեհամարներին փոխանցված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7․291․926,6 ՀՀ դրամ գումարը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Պատճառված վնասը, նախաքննության ընթացքում, ամբողջությամբ վերականգնվել է:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: