71-ամյա տղամարդը հայտարարել է, որ սպանել է՝ կասկածելով գողության մեջ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Էջմիածին քաղաքի 65-ամյա բնակչի սպանության հանգամանքները։
2017թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածին քաղաքի 71-ամյա մի բնակիչ և հայտարարել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում գործող ավտովերանորոգման կետերի հարևանությամբ` նախկին սուրճի արտադրամասի հետնամասում, մարդ է սպանել, ում դիակը գտնվում է դեպքի վայրում։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և 71-ամյա բնակչի մատնանշած վայրում հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի 65-ամյա բնակչի դիակը` կտրած-ծակած մարմնական վնասվածքներով, երկու ձեռքերի դաստակները կտրված, մարմնից անջատված: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը և կացինը, առգրավվել արնանման հետքերի նմուշներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ 65-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։
Պարզվել է, որ տուժողը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ճանաչել են միմյանց և աշխատել նույն վայրում, տուժողը՝ որպես ավտոէլեկտրիկ, իսկ 71-ամյա տղամարդը՝ որպես պահակ։ Վերջինս հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել սպանության հանգամանքների, այդ թվում՝ շարժառիթի վերաբերյալ՝ հայտարարելով, որ նրան կասկածել է իր աշխատավայրից գումար գողանալու մեջ։
71-ամյա տղամարդը ձերբակալվել է, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ նախնական տվյալները, կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: