Լրահոս
15.10.15, 12:39

Ա.Բարսամյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Ա.Բարսամյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ Արշավիր Բարսամյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Բ.Երիցյանը կնոջ հետ 2015 թվականի հունվարի 31-ին` ժամը 10:00-ին, Ռ.Մկրտչյանի կողմից շահագործվող ավտոմեքենայով Հրազդան քաղաքից եկել է Երևան՝ հանդիպելու Երևանի բնակիչ Ա.Բարսամյանին։ Նախկինում ունեցած գույքային վեճի շուրջ Ա.Բարսամյանի բնակարանում ծագած վիճաբանության ժամանակ Բ.Երիցյանը մուրճով հարվածներ է հասցրել տանտիրոջ գլխի և դեմքի տարբեր մասերին։ Ստացած հարվածների հետևանքով վերջինս ընկել է մահճակալին և օգնություն կանչել։ Հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով կինը մարմնով ընկել է տուժողի վրա, բռնել նրան, իսկ Բ.Երիցյանը շարունակել է մուրճով հարվածներ հասցնել՝ այդպիսով Ա.Բարսամյանին դիտավորությամբ զրկելով կյանքից:

Սպանությունից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Երիցյան ամուսինները և վարորդը, ում ավտոմեքենայով եկել էին Երևան, դիակը տարել են նշված բնակարանի խոհանոց՝ նկուղում թաքցնելու համար, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործության հետքերը չեն կարողացել թաքցնել, քանի որ հանցանքի կատարման պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Բ.Երիցյանին ու Է.Երիցյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ռ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: