Ելույթներ, հարցազրույցներ
31.07.20, 16:43

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործներ և ագրեսորներ են». ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գիտական հոդվածները՝ ուղղված միջազգային հանրությանը

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործներ և ագրեսորներ են». ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գիտական հոդվածները՝ ուղղված միջազգային հանրությանը

Հիմք ընդունելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի հուլիսի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջազգային հանցագործություններ կատարելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հարուցված 37 քրեական գործերի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, կատարված հանցագործությունների ծավալը, բնույթը և համակարգը, կիրառված կրակային խոցման ականահրթիռահրետանային միջոցների մարտավարատեխնիկական բնութագրերը և տեղակայման վայրերը, ընտրված ցամաքային թիրախների մանրամասն վերլուծությունը, ռազմական գործողությունները մշակելու և անցկացնելու համար պատասխանատու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածության աստիճանը, դրանցում ընդգրկված անձնակազմի թվաքանակը, դրա համար սահմանված ընթացակարգի պահպանումը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի անտեսման մասշտաբները՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հանգել է այն եզրակացության, որ սա նախապես և մանրակրկիտ ծրագրված ռազմական, քաղաքական և քարոզչական պատրաստության արդյունք է, որն ուղղակիորեն պլանավորվել, կազմակերպվել և հաստատվել է Ադրբեջանի քաղաքական և ռազմական բարձրագույն ղեկավարության կողմից:

Նշված հարցերի շուրջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Մկրտչի Գրիգորյանը հրատարակել է երկու գիտական հոդված՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործներ են» (Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին պատերազմական հանցագործություններ կատարելու համար պատասխանատվության ենթարկելու քրեաիրավական և քրեադատավարական առանձնահատկությունները), «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ագրեսոր է» (Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ագրեսիա իրականացնելու համար պատասխանատվության ենթարկելու հիմնախնդիրները):

Հոդվածներում քննարկվում են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը Ժնևի կոնվենցիաներով, «Հաագայի իրավունքով», միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով և Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտով արգելված պատերազմական հանցագործություններ պարբերաբար կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերը՝ միջազգային քրեական իրավունքում օգտագործվող «համատեղ հանցավոր գործողություններ» դոկտրինայի միջոցով, քանի որ նշված կատեգորիայի անձանց կողմից կատարված արարքները, որպես կանոն, դառնում են միջազգային քրեական արդարադատության մարմինների քննության առարկա` միջազգային պրակտիկայում մշակված չափորոշիչների հիման վրա:

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի արարքները դիտարկվում և վերլուծության են ենթարկվում միջազգային տարբեր քրեական դատարանների կողմից նախկինում կայացված դատավճիռների համատեքստում, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը, Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը, Ռուանդայի միջազգային տրիբունալը, Սիերա-Լեոնեի հարցով հատուկ դատարանը և այլն:

Վերլուծվում է ագրեսիայի հանցագործության միջազգային քրեականացման գործընթացը, համադրվում են ագրեսիայի՝ որպես ֆիզիկական անձանց կողմից կատարված քրեորեն պատժելի արարքի հասկացությունները՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի ստատուտի՝ մասնակից-պետությունների Վեհաժողովի կողմից 2010թ. կատարված փոփոխություններով, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածով նախատեսված «Ագրեսիվ պատերազմ» հանցակազմը։

Հեղինակի կողմից կատարված իրավահամեմատական վերլուծությունը թույլ է տալիս ներկայացնել ագրեսիայի հանցագործության հանցակազմը ձևավորող արարքների որակմանն առնչվող գիտականորեն հիմնավորված առաջարկություններ, այդ թվում՝ եթե դրանք ուղեկցվում են ռազմական գործողություններ վարելու օրենքների և սովորույթների հանցավոր խախտումների կատարմամբ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու փաստերով հարուցված քրեական գործերի քննությունը կազմակերպելու և դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է Տավուշի մարզ(լուսանկարներ)

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու, Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի, հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով հարուցվել է ևս 7 քրեական գործ (լուսանկարներ)

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և խաղաղ բնակչության ուղղությամբ տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 30 քրեական գործ (լուսանկարներ)