Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչուհին՝ 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչ օրս զբաղեցնելով Լոռու մարզի վերոնշյալ քաղաքի դպրոցներից մեկի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և իրականացնելով կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներ, տնօրինելով իր իրավասության սահմաններում կազմակերպության ֆինանսական միջոցները, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, խաբեությամբ ուրիշի զգալի չափերով գումարներին տիրանալու նախնական դիտավորությամբ, 2016 թ. փետրվարի 1-ին նույն կազմակերպությունում որպես խոհարարի օգնական աշխատանքի է ընդունել 37-ամյա համաքաղաքացուհուն և վերջինիս հաստիքային միավորի համար վճարվող 54.451 ՀՀ դրամ աշխատավարձի չափի վերաբերյալ տվյալները թաքցնելով՝ իրական աշխատավարձի փոխարեն որպես աշխատավարձ յուրաքանչյուր ամիս` մինչև 2016 թ. հունիսի 1-ը, առձեռն վճարել է 40.000 ՀՀ դրամ գումար, իսկ ընդհանուր՝ 73.353 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը, խարդախությամբ հափշտակել:
Այնուհետև, դպրոցի տնօրենը, 37-ամյա խոհարարի օգնականի կողմից ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն ներկայացնելու և այդ կերպ նրան ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկելուն օժանդակելու ու վերջինիս ընտանիքին հավելյալ եկամուտներ ապահովելու անձնական այլ դրդումներով, նույն կազմակերպության 65-ամյա հաշվապահի հետ, 2016թ. մարտին կազմել, հաստատել և իրենց ստորագրություններով վավերացրել են իրավունք վերապահող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ տեղեկանք, որում կեղծ տեղեկություններ են ներառել 37-ամյա խոհարարի օգնականի աշխատավարձի չափի վերաբերյալ: Արդյունքում՝ վերջինս ընդգրկվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ձեռք բերել նպաստի իրավունք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 1.1-րդ կետով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: