Լրահոս
04.01.18, 07:24

Ամանորի գիշերը վարկային կազմակերպության մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը բացահայտվել է. կառավարիչը ձերբակալվել է

Ամանորի գիշերը վարկային կազմակերպության մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը բացահայտվել է. կառավարիչը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ամանորի գիշերը՝ 2018 թվականի լույս հունվարի 1-ի գիշերը, «Սեֆ Ինթերնեյշնլ»  ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը, գողոնի մի մասը հայտնաբերվել է, մասնաճյուղի կառավարիչը՝ ձերբակալվել։

2018թ. հունվարի 1-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք է գործել «Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ, ապա բացել չհրկիզվող պահարանը և հափշտակել առկա կանխիկ գումարը և քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ 2018թ. հունվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ, մշակվել քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ  քաշվել աշխատանքային վարկածներ։ Կատարվել է դեպքի վայրի, գրասենյակում առկա տեսանկարահանող սարքերի զննություններ։

Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է գողության մեխանիզմը, փաստական տվյալներ ձեռք բերվել կատարված գողությանը մասնաճյուղի կառավարչի մասնակցության վերաբերյալ, պարզվել անմիջական կատարողի ինքնությունը։ Գողությանն առնչություն ունենալու, օժանդակելու կասկածանքով հունվարի 2-ին ձերբակալվել է «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը՝ ծնված 1982թ.։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ անմիջական կատարողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Քրեական գործի նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում գողոնի մի մասը՝ մոտ 90 մլն դրամի արժողության ոսկյա զարդերը, հայտնաբերվել են։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատահետքաբանական, դատատեսաձայնագրային փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կատարված գողությանը հնարավոր այլ անձանց առնչությունը, ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: