Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը ծեծելու համար. Քննիչի գնահատմամբ՝ առկա է կնոջ հանդեպ կիրառվող բռնության շարունակականության վտանգ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև կինը նախաքննության ընթացքում հրաժարվել է ամուսնու նկատմամբ նախկինում ներկայացված բողոքից։
2016թ. նոյեմբերի 7-ին Սյունիքի մարզի բնակչուհու կողմից հաղորդում է ստացվել առ այն, որ նոյեմբերի 6-ին` ժամը 17-ի սահմաններում, իրենց տանը, կենցաղային բնույթի հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, ամուսինը բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Բնակչուհու հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ամուսինները պարբերաբար վիճաբանել են միմյանց հետ, ապրել անհաշտ։ Կենցաղային հարցերի շուրջ հերթական վիճաբանության ժամանակ՝ 2016թ. նոյեմբերի 6-ին, ամուսինը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ՝ հարվածելով նրա գլխին և մարմնի այլ մասերին։
Կնոջ նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա առողջությանը պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասներ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակացությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2016թ.-ի նոյեմբերի 23-ին կինը դիմում է ներկայացրել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն առ այն, որ բողոք չունի ամուսնու նկատմամբ, սակայն քննիչը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, ամուսնու նկատմամբ չի դադարեցրել քրեական հետապնդումը։
Այսպես՝ ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներով իրավական դիրքորոշումներ է հայտնել այն մասին, որ. «պետությունը պարտավոր է ոչ միայն իրականացնել օրենքով նախատեսված գործառույթները, այլև՝ ելնել պրակտիկայի արդյունավետ իրականացման պահանջից», «որքան մեծ է հետագայում հանցանքի շարունակման ռիսկը, այնքան մեծ է հավանականությունը, որ հասարակության շահերից ելնելով՝ պետք է շարունակվի քրեական հետապնդումը հանցանք կատարած անձի նկատմամբ նույնիսկ այն դեպքերում, երբ դիմողները հետ են վերցնում իրենց բողոքները», «շատ դեպքերում նույնիսկ անձնական կամ ընտանեկան բնույթի հարցերին ներպետական իշխանության մարմինների միջամտությունը կարող է պաշտպանել անձանց կյանքը և առողջությունը, ինչպես նաև՝ կանխարգելել հետագա հանցավոր գործողությունները»:
Բացի այդ, նախաքննության ընթացքում ամուսինն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը ԵԱՔԴ/0157/01/10 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «… Հանցանք կատարած անձի համար հաշտությունը հանցանքի կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելն է, այդ արարքի համար զղջալը, ափսոսանք հայտնելը, իսկ տուժողի համար՝ հանցանք կատարած անձին ներելը …», հետևաբար, եթե անձն իրեն մեղավոր չի ճանաչել, ապա անհրաժեշտ է քրեական գործի վարույթը շարունակել ընդհանուր կարգով:
Քննությամբ նաև պարզվել է, որ տարիներ առաջ՝ 2012 թվականին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել նույն ընտանիքում կնոջ նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, սակայն վերջինիս կողմից բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է։
Նկատի ունենալով ձեռք բերված ապացույցներն առ այն, որ ամուսիններն ապրում են անհաշտ պայմաններում և կնոջ հանդեպ կիրառվող բռնությունը կարող է շարունակական լինել՝ քննիչը, հիմք ընդունելով դատական նախադեպերը և Մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը, կնոջ բողոքի բացակայության պայմաններում չի դադարեցրել քրեական հետապնդումն ամուսնու նկատմամբ, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: