Լրահոս
13.02.23, 08:13

Անչափահասների նկատմամբ հանցագործություններ առերևույթ կատարած 73 անձի վերաբերյալ վարույթ ուղարկվել է դատարան

Անչափահասների նկատմամբ հանցագործություններ առերևույթ կատարած 73 անձի վերաբերյալ վարույթ ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում 2022թ․ ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։  

Վարույթներից 66-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 73 անձի  վերաբերյալ ուղարկվել դատարան։ 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող, իսկ 69-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 229 քրեական վարույթ փոխանցվել է 2023թվական:

Դատարան ուղարկված վարույթներից՝

• 1-ը եղել է սպանության,
• 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
• 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
• 3-ը՝ մարդուն առևանգելու,
• 11-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
• 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,
• 5-ը՝ անառակաբարո արարք կատարելու,
• 4-ը՝ ֆիզիկական ներգործության,
• 2-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,
• 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
• 31-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 73 մեղադրյալներից 33-ը  հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, իսկ 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակիցներ: Մնացած դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից:

77 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:



                                                                                                                                                                                                                                                                                          ՀՀ քննչական կոմիտե