Ապօրինի ծառահատումներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում. առաջադրվել են մեղադրանքներ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 4 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կամավորների մասնակցությամբ, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հաճարենի ու բոխի տեսակի տարբեր տրամագծերի ապօրինի հատված ծառերի կոճղեր:
Դեպքի առթիվ՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ծառահատումները կատարվել են՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու, չկատարելու հետևանքով:
Նախնական քննության տվյալներով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումները կատարվել են 2015 թվականի ընթացքում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, օգտվելով անտառում պատշաճ հսկողության բացակայությունից, Գյուլագարակի անտառպետության թիվ 1 և Ստեփանավանի անտառտնտեսության թիվ 15 պահաբաժիններում ապօրինի հատել են մի քանի տասնյակ ծառ՝ հաճարենի, բոխի տեսակի՝ պետությանը պատճառելով մի քանի միլիոն դրամի վնաս: Պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ ցուցաբերվել է անբարեխիղճ վերաբերմունք՝ ժամանակին պատճառված վնասը չի հայտնաբերվել և չի արձանագրվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության թիվ 1 պահաբաժնի նախկին անտառապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով, «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության անտառապետին, «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության թիվ 15 պահաբաժնի անտառապահին և ևս մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում մեղադրյալների կողմից վերականգնվել է ապօրինի ծառահատումների հետևանքով պետությանը պատճառված վնասի մի մասը:
4 մեղադրյալների մասով հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Միջոցներ են ձեռնարկվում՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապօրինի ծառահատումներին հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց շրջանակը պարզելու, նրանց յուրաքանչյուրի գործողությունը հստակեցնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: