Լրահոս
    04.02.19, 07:50

    Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբորը դանակի 8 հարվածով սպանելու կասկածանքով

    Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբորը դանակի 8 հարվածով սպանելու  կասկածանքով

    ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի 45-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ:

    Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության Թալինի բաժնից հաղորդում է ստացվել, որ  Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի վարչական տարածքում՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայում, երկու եղբայրների միջև ծագած վիճաբանության ժամանակ նույն մարզի 48-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 45-ամյա եղբորը:

    Դեպքի առթիվ  նույն օրը Թալինի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով:

    Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում  պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:

    Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները իրենց համագյուղացու հետ գնացել են Նոր Արթիկ համայնքում գտնվող իրենց ծանոթի տուն, որտեղ  օգտագործել են ոգելից խմիչք:

    Այնուհետև դուրս գալով ծանոթի բնակարանից և իրենց գյուղ ուղևորվելու ճանապարհին՝ մեքենան արագ վարելու և իրենց ծանոթի տանը  ունեցած անախորժ խոսակցության պատճառով վիճաբանություն է ծագել եղբայրների միջև:

    Վիճաբանության ընթացքում Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը դանակի 8 հարված է հասցրել եղբորը, այնուհետև նրան տեղափոխել  Շիրակի մարզի Բագրավան գյուղում գտնվող  իր մորաքրոջ տուն, որտեղ եղբայրը ստացած վնասվածքներից մահացել է:

    45-ամյա եղբորը  սպանելու կասկածանքով ձերբակալվել է նախկինում չորս անգամ դատապարտված, Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: