Լրահոս
16.11.18, 08:47

Արարատի մարզի բնակիչը մեղադրվում է՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու համար. գործը դատարանում է

Արարատի մարզի բնակիչը մեղադրվում է՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու համար. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի բնակչին:

2018թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1979 թվականին, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող թվով հինգ ոստիկանների նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ՝ կապված իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության հինգ աշխատակիցներ ճանաչվել են տուժող:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ոստիկանության Արարատի բաժնի տեսուչը գնացել է Արարատի մարզի 39-ամյա բնակչի տուն՝ նախորդ օրը վերջինիս կողմից ինքնավնասման և բժշկական կենտրոնի աշխատակիցներին սպանության սպառնալիքներ տալու դեպքերի վերաբերյալ նախապատրաստվող նյութերով բացատրություններ ստանալու նպատակով:

Զրույցի ընթացքում Ոստիկանության տեսուչը 39-ամյա տղամարդու գոտկատեղի հետնամասում նկատել է ինքնաշեն ատրճանակ և հետաքրքրվել՝ արդյոք այն կրակում է, թե՝ ոչ: Ի պատասխան՝ Արարատի բնակիչը նշված ինքնաշեն ատրճանակով կրակել է պատին:

Ոստիկանության տեսուչն անմիջապես ահազանգել է Ոստիկանության Արարատի բաժին՝ տեղեկացնելով կատարվածի մասին: Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը՝ բաղկացած 4 ոստիկաններից, փորձել են համոզել, որպեսզի տղամարդն ինքնակամ հանձնի ինքնաշեն ատրճանակը:  Սակայն նա ոստիկանների նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ՝ դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, իր մոտ պահվող ինքնաշեն ատրճանակը պահել ոստիկանների ուղղությամբ՝ սպառնալով կրակել և սպանել նրանց, միաժամանակ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում Ոստիկանության աշխատակիցները հատուկ հնարքով տղամարդու ձեռքից վերցրել են ինքնաշեն ատրճանակը և նրան բերման ենթարկել Ոստիկանության բաժին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննություն  ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: