Լրահոս
04.10.24, 14:06

Արգիշտի Քյարամյանը հանդիպել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Վիգեն Մեսրոպյանին (լուսանկարներ)

Արգիշտի Քյարամյանը հանդիպել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Վիգեն Մեսրոպյանին (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վիգեն Մեսրոպյանը ստանձնել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։

Հոկտեմբերի 4-ին Արգիշտի Քյարամյանը հանդիպել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Մեսրոպյանին և ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմին։

Նշանակման կապակցությամբ շնորհավորելով Վիգեն Մեսրոպյանին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նախ շնորհակալություն է հայտնել նրան ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում պետությանը մատուցած ծառայության, պրոֆեսիոնալությամբ և տասնամյակների փորձառությամբ քննչական համակարգի հարաճուն կենսագործունեությանը նպաստելու համար։ Կոմիտեի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր պաշտոնն ստանձնելով ևս պարոն Մեսրոպյանը նույնպիսի նախանձախնդրությամբ ձեռնամուխ կլինի ընդամենը ամիսներ առաջ ՀՀ ՔԿ-ում ստեղծված փորձաքրեագիտական կենտրոնի հզորացմանն ուղղված նախաձեռնություններին։

Կոմիտեի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա Լորիկ Սաֆարյանին՝ հատկապես ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետի պաշտոնում մեկ տասնամյակից ավելի նվիրված աշխատանքի համար և ուրախությամբ ընդգծել այդ վարչության հենքի վրա ստեղծված ՊՈԱԿ-ում գործունեությունը շարունակելու և նոր տնօրենին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու նրա պատրաստակամության համար։

ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Մեսրոպյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ փորձաքննությունների որակով և ժամանակին իրականացումը անկյունաքարային նշանակություն ունի հանցագործությունների բացահայտման, քրեական վարույթների ելքի համար և համընդհանուր ջանքերն ուղղվելու են դրա համար ՊՈԱԿ-ում անհրաժեշտ պայմանների բարելավմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիական հագեցվածության մակարդակի բարձրացման, մասնագիտական ռեսուրսների զարգացման խնդիրները,  հնարավորություններն ու հեռանկարները։

Երկարամյա արդյունավետ պաշտոնավարման, ինչպես նաև պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վիգեն Մեսրոպյանն Արգիշտի Քյարամյանի կողմից  պարգևատրվել է «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով: