Լրահոս
04.08.15, 11:54

Ավագ քննիչը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ վկայի միջնորդությունը սահմանված ժամկետում չքննարկելու համար

Ավագ քննիչը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ վկայի միջնորդությունը սահմանված ժամկետում չքննարկելու համար


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ քրեական գործի նախաքննության ընթացքում վկայի միջնորդությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում չքննարկելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը ՀՀ  քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իր լիազորություններն իրականցնելիս առերևույթ խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված նորմերը. այն է՝ 5-օրյա ժամկետում չի քննարկել սույն գործով վկայի միջնորդությունը և օրենքով սահմանված կարգով նրան չի պատասխանել:

Հիմք ընդունելով ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կարգապահական խախտման փաստի առկայության և կատարված խախտման մեջ քննչական կոմիտեի ծառայողի մեղավորության մասին որոշումը և ղեկավարվելով «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ ՀՀ ՔԿ նախագահը հրաման է ստորագրել՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի նկատմամբ որպես կարգապահական տույժ «նկատողություն» կիրառելու վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությունը հետևողական է լինելու՝ ծառայողների կարգապահական խախտումների կանխարգելմանը, այդպիսիք ծնող պատճառների վերացմանը և ծառայողական կարգապահության ամրապնդմանը՝ կարևորելով քրեական գործի հանգամանքների բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ հետազոտումը, քրեադատավարական նորմերի պահպանումը։