Ավարտվել է Արմավիրում մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը, ով հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում ծեծել էր իր ոչ կենսաբանական, սակայն հայրությունը ճանաչած մանկահասակ որդուն՝ ծնված 18.12.2017 թվականին: Ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել էր:
Փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը, երեխայի լացի ձայնը կտրելու նպատակով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել երեխայի դեմքին, այնուհետև փոքրիկին դեմքն ի վար շրջելով անկողնու վրա՝ շարունակել է հարվածներ տեղալ նրա մեջքի, գլխի և մարմնի տարբեր մասերին՝ երեխայի առողջությանը պատճառելով «ձախ հոնքի ներսային և դրսային անկյան, ձախ և աջ վերին կոպերի, ձախ այտային, ձախից ստորին ծնոտի անկյան շրջանների արյունազեղումների, գլխի մաշկի տակի ձախ ծոծրակային շրջանի արյունազեղումների, գլխի մաշկի տակի ձախ ծոծրակային շրջանի արյունազեղումների, ձախից ծոծրոսկրի կոտրվածք, գլխուղեղի վերկարծրենային, ենթակարծրենային արյունահավաքի, ուղեղանյութի արյունազեղման, ձախ ուսահոդի, կրծքավանդակի շրջանների արյունազեղումների, աջ գոտկային, աջ հետույքային շրջանների քերծվածքների, ձախից 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքների» ձևով մարմնական վնասվածքներ:
Երեխայի մայրը փորձել է կանխել ամուսնու կողմից երեխային ծեծի ենթարկելը, սակայն տղամարդը հարվածներ է հասցրել նաև կնոջը:
32-ամյա տղամարդու կողմից երեխային հասցրած հարվածների արդյունքում փոքրիկն ստացել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել:
Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 1986թ. ծնված տղամարդը նախկինում ևս բռնություն է գործադրել և՛ փոքրիկ տղայի, և՛ կնոջ նկատմամբ:
Մասնավորապես՝ 2018 թվականի սեպտեմբեր ամսին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել է կնոջ հետ, որի ժամանակ մետաղյա ձողով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև մի քանի անգամ հարվածել է նաև մանկահասակ երեխային:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: