Ավարտվել է Գյումրիում 40-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է Գյումրիում 40-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 46-ամյա բնակչին:
2016 թվականի մայիսի 14-ին «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի, աջ կեսի կողմնային պատի հրազենային վնասմամբ և աջ ազդրի վերքով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի դին:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը՝ Գ.Ավետիսյանը, 2016 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 22-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է Գյումրիի 46-ամյա բնակչի հետ։ Վիճաբանությունը տեղի է ունեցել վերջինիս անասնաֆերմայի աշխատասենյակում, որը հետագայում շարունակվել է բակում։ Ապա այն վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ էլ 46-ամյա տղամարդը ապօրինի կերպով ձեռք բերած ատրճանակով երկու անգամ կրակել է Գ.Ավետիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել է փախուստի:
Քննությամբ պարզվել են վիճաբանության շարժառիթը, ներկա անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։
Բացի այդ, 46-ամյա տղամարդու աշխատասենյակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափի՝ 5,2 գրամ զանգվածով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գյումրի քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: