Ավարտվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել՝ «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն հայտնաբերելու վերաբերյալ:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 01-ին` ժամը 13:00-ի սահմաններում, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին է մոտեցել «Գետափ» ռեստորանային համալիրի աշխատակցուհին և հայտնել, որ ռեստորանի տարածքում գտնվող շներից մեկը կատաղած է և հարձակվել է իր վրա, սակայն ինքը պաշտպանվել է ու չի թողել, որ շունն իրեն կծի:
ՊՈԱԿ-ի տնօրենը, համապատասխան մարմիններին հայտնելու և միջոցներ ձեռնարկելու փոխարեն, նույն օրը՝ ժամը 13:15-ի սահմաններում, ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: