Ավազակային հարձակում՝ Ամանորի նախօրեին. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է։
2016թ. հունվարի 7-ին Ա.Մկրտչյանից հաղորդում է ստացվել, որ 2015թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իր տանը ենթարկվել է ավազակային հարձակման։
Ըստ կնոջ հաղորդման՝ իր ծանոթ Ա.Մուրադյանն ընկերոջ՝ ոմն Դավթի հետ, այցելել է իր բնակարան, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ոտքերը և բերանը, այնուհետև իրենց մոտ եղած խոհանոցային դանակով հարվածներ հասցրել ոտքերի ազդրերի հատվածում, դանակի սպառնալիքով նրանից պահանջել գումար և ոսկեղեն: Ոմն Դավիթը հայտնաբերել է Ա.Մկրտչյանի դրամապանակը, ինչը հափշտակել են և հեռացել:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Ա.Մկրտչյանը ճանաչվել է տուժող:
2016թ. հունվարի 8-ին Ա.Մուրադյանը, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Դավթի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: