Լրահոս
30.01.19, 07:40

Ավազակային հարձակում՝ տարեց կնոջ նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

Ավազակային հարձակում՝ տարեց կնոջ նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեղրաձոր գյուղի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի տներից մեկը և հարձակվել նույն տան՝ 1936թ. ծնված բնակչուհու վրա, իսկ երրորդ անձը, ավազակային հարձակմանն օժանդակելու դիտավորությամբ, հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով, սպասել է դրսում՝ հսկելով տարածքը:

Այնուհետև  տուն ներխուժած անձանցից մեկը տարեց կնոջը նախասրահից տարել է ննջասենյակ, դանակի գործադրմամբ վերջինիս կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել, ապա տնից հափշտակել են խոշոր չափի՝ 200.000 ՌԴ ռուբլի գումար, տարբեր տեսակի ոսկյա զարդեր և հեռացել:

Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: 82-ամյա կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, իրականացվել հարցաքննություններ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Հրազդանի բաժնին: Նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն:

Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կոտայքի մարզի բնակիչներ՝ ծնված 1994, 1993 և 1980թթ., անհատականացվել նրանց գործողություններն ու առնչությունը տուժողի հետ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրանցից երկուսին՝ 24 և 25-ամյա երիտասարդներին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: Իսկ 38-ամյա տղամարդը հարցաքննվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: