Բացահայտվել է անչափահասի դանակահարության դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է անչափահասի դանակահարության դեպքը:
2018 թվականի նոյեմբերի 19-ին Շենգավիթ Բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս երիտասարդ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դանակահարված անձի ինքնությունը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի կողմնային պատի կտրող-ծակող թափանցող վերք՝ մեծ ճարպոնի արտանկումով» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ՝ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Անչափահասը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Պարզվել է, որ անչափահասը մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության շարժառիթի, միջադեպի ներկա գտնված անձանց, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2000 թվականին:
Վերջինս առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և ցուցմունք տվել դեպքի շուրջ, մատնացույց արել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
18-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: