Բացահայտվել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնի պետի կողմից կաշառք ստանալու դեպք. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։
2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ հոկտեմբերի 8-ին այցելել է սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժին՝ կենսաթոշակը ձևակերպելու համար: Նույն բաժնի պետը և գլխավոր մասնագետն ուսումնասիրել են քաղաքացու փաստաթղթերը և հայտնել, թե, իբր, կենսաթոշակը ձևակերպելու համար աշխատանքային ստաժը չի բավարարում և այս հանգամանքն անտեսելու, այլ լուծումներ գտնելու և կենսաթոշակը ձևակերպելու համար քաղաքացուց պահանջել 100 000 ՀՀ դրամ կաշառք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնի պետը նույն բաժնի գլխավոր մասնագետի օժանդակությամբ քաղաքացուց կաշառք ստանալու պահին բռնվել է:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով, որն ընդունվել է Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ բաժնի վարույթ:
ՍԱԾ գլխավոր մասնագետը հարցաքննվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար, ինչը բավարարվել է և որպես այլընտրանքային խափանման միջոց՝ ընտրվել գրավը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: