Լրահոս
25.07.18, 13:52

Բացահայտվել են կայուն կազմակերպված խմբերի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբերի ղեկավարին

Բացահայտվել են կայուն կազմակերպված խմբերի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբերի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է կայուն կազմակերպված խմբերի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության 196 դեպք։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով անազատության մեջ, տևական ժամանակ համասեռ հանցավոր գործունեությամբ զբաղվելու՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ, ստեղծել է կայուն կազմակերպված խմբեր, որոնց ղեկավարել է ինտերնետ հասանելիություն ունեցող բջջային հեռախոսների միջոցով, բաժանորդային քարտերի կիրառմամբ։ Ըստ այդմ՝ պլանավորել է առերևույթ հանցագործության կատարման մեխանիզմը և մեթոդները, կատարել դերերի բաշխում:

Քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը նշված խմբերի անդամների միջոցով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և շուրջ 196 դեպքով տարբեր անձանց ապօրինի իրացրել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ինչպես կազմակերպված խմբի անդամների, այնպես էլ՝ կազմակերպված խմբին թմրամիջոցներ մատակարարած, խմբի անդամներից թմրամիջոց ձեռք բերած, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված այլ անձանց ինքնությունը, բացահայտվել կազմակերպված խմբի գործունեության մեխանիզմները, հայտնաբերվել հանցագործության գործիքները, հանցավոր նպատակներով օգտագործվող թաքստոցները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպված խմբի ղեկավարի, անդամների և թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված 6 անձի առաջադրվել են մեղադրանքներ, նրանց վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ավելի վաղ նույն քրեական գործից անջատվել և դատարան են ուղարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված ևս 5 անձի վերաբերյալ քրեական գործերը:

Միաժամանակ, միջնորդագիր է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարին՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հանցագործություն ծնող պատճառները վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: