Բանկի հաճախորդի անձնական տվյալները խմբագրելով՝ փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով գումարի հափշտակության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել բանկի նախկին աշխատակցին:
Քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերության պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը՝ «Զարգացման Հայկական Բանկ» և «Արարատբանկ» ԲԲ ընկերությունների միավորման, մասնավորապես` բանկերի ՀԾ բանկ համակարգչային ծրագրային համակարգերի ինտեգրացիայի փուլում, փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել։
Քննությամբ պարզվել է հափշտակության փորձի մեխանիզմը, այն է՝ աշխատակիցը մուտք է գործել ՀԾ բանկ համակարգչային ծրագրային համակարգ, խմբագրել ընկերության հաճախորդներից մեկի տվյալները, նշված հաշիվը դարձրել նույն բանկի մեկ այլ հաճախորդի՝ իր մտերմուհու անվամբ։ Այնուհետև բանկի հաշվապահություն է ներկայացրել տվյալ հաշվեհամարին առկա գումարն իր մտերմուհու իրական հաշվին փոխանցելու գրավոր կարգադրություն` տպավորություն ստեղծելով, որ նույն հաճախորդն իր մեկ հաշվից գումար է փոխանցում իր մեկ այլ հաշվին:
Նշված գրավոր կարգադրության հիման վրա՝ գումարը փոխանցվել է մտերմուհու իրական հաշվին, որից հետո պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը նույն եղանակով ՀԾ բանկ համակարգչային ծրագրի համակարգում հետ է խմբագրել հաճախորդի տվյալները և հաշիվը կրկին դարձրել նրա անվամբ։ Սակայն հափշտակությունն ավարտել չի հաջողվել, քանի որ «Արարատբանկ» ԲԲ ընկերության աշխատակիցները նկատել են կատարված ապօրինի խմբագրումները և նշված գումարը հետ փոխանցել իրական հաճախորդի հաշվին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ բանկի նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: