Լրահոս
09.10.17, 13:29

Բանկի մասնաճյուղից, պայթյուն իրականացնելու սպառնալիքով, հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար. hարուցվել է քրեական գործ

Բանկի  մասնաճյուղից, պայթյուն իրականացնելու սպառնալիքով, հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար. hարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղի կառավարչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

2017թ. հոկտեմբերի 9-ին՝ առավոտյան, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղի կառավարչի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ մասնաճյուղում պայթյուն իրականացնելու սպառնալիքով, վերջինիցս պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Նախնական հաշվարկներով՝ հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ։ Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։