Լրահոս
28.12.18, 05:52

Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է Տավուշի մարզի 27-ամյա բնակիչը

Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է Տավուշի մարզի 27-ամյա բնակիչը

Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 27-ամյա բնակչին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են: Նախաքննությամբ պարզվել է, որ վերջիններս մայր և որդի են:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն):

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Բերդ քաղաքի բնակիչներին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառել է Տավուշի մարզի՝ 1991 թվականին ծնված բնակիչը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է։

Նշանակվել են դատաձեռագրաբանական, դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: