Չորս անձի մեղադրանք է առաջադրվել՝ Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված չարաշահումների գործով
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով քաղաքացիներից գումար պահանջելու և ստանալու, խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև Դիլիջան քաղաքի երեք բնակչի:
Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը, ով 2012 թվականի հուլիսից զբաղեցրել է նշված պաշտոնը, սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու դիմաց, հովանավորչության և թողտվության համար, այն է՝ քաղաքացու կողմից սպառած էլեկտրաէներգիայի և գազի սահմանված քանակի գերազանցման հանգամանքը Դիլիջանի սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի նիստով հարթելու նպատակով, քաղաքացուց պահանջել և շորթմամբ ստացել է կաշառք՝ յուրաքանչյուր տարի երկու ամսվա սոցիալական նպաստի գումարի չափով՝ հակառակ դեպքում սպառնալով զրկել նպաստից:
Բացի այդ, Գործակալության պետը, տեղեկանալով, որ Դիլիջան քաղաքի մեկ այլ բնակիչ ցանկանում է ընդգրկվել ընտանեկան նպաստ ծրագրում և որ նրա անվամբ առկա են գրանցված ավտոմեքենաներ, վերջինիս հայտնել է, որ այդ պատճառով նա չի կարող օգտվել ծրագրից՝ միաժամանակ նրան ուղորդելով ամուսնալուծվել կնոջից՝ ընտանեկան նպաստից օգտվելու հնարավորություն ստեղծելու համար: Քաղաքացին, փաստացի բնակվելով կնոջ հետ, ամուսնալուծվել է, կինը դիմում-հայտարարագրերում լրացրել է կեղծ տվյալներ՝ թաքցնելով իր և ամուսնու համատեղ բնակվելու ու փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Իսկ Գործակալության պետը, քաջատեղյակ լինելով ներկայացված դիմում-հայտարարագրերում լրացված տեղեկությունների ակնհայտ կեղծ լինելու մասին, դրանց տվել է ընթացք՝ կնոջն ընդգրկելով Ծրագրում և հովանավորչության ու թողտվության համար պահանջելով և յուրաքանչյուր ամիս ստանալով ընտանեկան նպաստից որոշակի չափի գումար: Արդյունքում՝ 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կնոջը տրամադրվել է ընտանեկան նպաստ՝ ընդհանուր 1.350.000 ՀՀ դրամ գումարի չափով, ինչը նա հափշտակել է՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գործակալության պետը խաբեությամբ գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու հարցում խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելով օժանդակել է Դիլիջան քաղաքի մեկ այլ բնակչի ևս:
Այսպես. Տավուշի մարզի բնակչուհին, ով ցանկացել է ընդգրկվել ընտանեկան նպաստ ծրագրում, սակայն իմանալով, որ ամուսնու անվամբ գրանցված ավտոմեքենաների պատճառով չի կարող օգտվել ընտանեկան նպաստ ծրագրից, Գործակալության պետի խորհրդով հաշվառվել է այլ հասցեում և խաբեությամբ գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ լրացրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող դիմում, որտեղ ներառել է կեղծ տեղեկություններ՝ թաքցնելով իր և ամուսնու համատեղ բնակվելու և փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ լինելու հանգամանքը: Գործակալության պետը, քաջատեղյակ լինելով կնոջ կողմից ներկայացված փաստաթղթերում լրացված տեղեկությունների ակնհայտ կեղծ լինելուն, դրանց տվել է ընթացք, որի հիման վրա կինը 2016 թվականի մարտից մինչև 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է խոշոր չափերի՝ ընդհանուր 966.000 ՀՀ դրամի չափով ընտանեկան նպաստ, ինչը հափշտակել է՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):
Դիլիջան քաղաքի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ևս երկուսին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Գործակալության պետի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել վերջիններիս պատկանող անշարժ և շարժական գույքի վրա:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Նշենք, որ ևս 4 մեղադրյալի մասով որոշում է կայացվել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` համաներման ակտի ուժով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: