Դանակահարություն Երևանում. նախնական տվյալներով՝ ծանր մարմնական վնասը պատճառել է նախկին փեսան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու այսօր Երևանում տեղի ունեցած 59-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 31-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևան քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված տղամարդու կրծքավանդակի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի դստեր նախկին ամուսինն է՝ ծնված 1983թ.։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: