Լրահոս
07.03.22, 07:15

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու գործով կալանավորվել է 2 անձ

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու գործով կալանավորվել է 2 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. մարտի 4-ին՝ դատական նիստի ավարտից հետո, երբ դատավորը հրապարակել է խափանման միջոցն անձնական երաշխավորություններով փոխելու միջնորդությունը չբավարարելու մասին որոշումը, ամբաստանյալը հայհոյանքներ է հնչեցրել դատավորի հասցեին: Այնուհետև, երբ վերջինս դուրս է եկել, նույն դահլիճից լսվել են հայհոյանքներ, որոնք հնչեցրել են մի խումբ քաղաքացիներ, ինչից հետո վերջիններս փորձել են հարձակվել դատավորի վրա, որը կանխվել է դատական կարգադրիչների կողմից:

Բացի այդ, երբ քաղաքացիները նիստերի դահլիճից դուրս են հրավիրվել, դատական նիստին մասնակցած նույն անձինք փորձել են ուժ գործադրելու միջոցով դատավորի հետևից բարձրանալ 2-րդ հարկ, որի ընթացքում նաև հայհոյանքներ են հնչեցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով, վերոնշյալ քաղաքացիներից երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 343-րդ հոդվածի 3-րդ մասով, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Քաղաքացիներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: