Լրահոս
06.08.21, 14:55

Դատարանը բավարարել է կալանավորման միջնորդությունը

Դատարանը բավարարել է կալանավորման միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա պապին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողությունները, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Ա.Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա.Անտոնյանի՝ 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել նաև տարեց տղամարդուն:

Քննությամբ պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, որը Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այսօր դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

30-ամյա տղամարդուն հայտնաբերելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, նրանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ իրականացվող ակտիվ միջոցառումները շարունակվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: