Դատարանը մերժել է «Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2020թ. դեկտեմբերի 12-ին մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից մերժվել է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դաստիարակչուհին, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն փաստացի աշխատելով նշված մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, և ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված և իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով և դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, իր պարտականությունները կատարել է թերի, ոչ պատշաճ. անօգնական վիճակում գտնվող մանկահասակ՝ 2018 թվականին ծնված երեխաներին սպառնացել է դիմել ծնողներին՝ նրանց ծեծի ենթարկելու համար, չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, հրաժարվել է երեխաներին խմելու ջուր տալ և ծեծի է ենթարկել նրանց՝ դիտավորությամբ պատճառելով ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով