Լրահոս
    27.04.17, 09:00

    Ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մ.Պապյանը

    Ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մ.Պապյանը

    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

    Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,  ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:

    Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝  Հ.Գյոնջյանի, Գ.Չիլինգարյանի և Գ.Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
     

    Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ համագործակցում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ:
     

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: