Լրահոս
16.03.17, 14:15

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ «Տորք Անգեղ» մարզամշակութային համալիրի վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի բազմակողմանի քննությունն ապահովելու համար

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ «Տորք Անգեղ» մարզամշակութային համալիրի վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի բազմակողմանի քննությունն ապահովելու համար

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Ավան  և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի ահազանգի հիման վրա ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերը։

Ըստ ստացված նյութերի՝ պատգամավորի թեկնածուն ահազանգել է, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածում գործող «Տորք Անգեղ» մարզամշակութային համալիրում ենթարկվել է հարձակման:

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի մարտի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Ելք» դաշինքի անդամները քարոզարշավի նպատակով գտնվել են Երևան քաղաքի ՆորՆորքի 4-րդ զանգվածում գործող «Տորք Անգեղ» մարզամշակութային համալիրի վարչական շենքի մոտ: Մոտենալով մուտքի դռանը՝ վարչական շենքի ներսում նկատել են «Ծառուկյան դաշինք» համամասնական ցուցակով անդամ, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ա.Մամոյանի լուսանկարը պարունակող քարոզչական պաստառը, որը համալիրի աշխատակիցներից մեկը` մաքրուհի Նելլի Մերուժանի Պետրոսյանը, վերցրել և տեղափոխել է համալիրի 2-րդ հարկ: Վերջինիս գործողությունները տեսանկարահանելու ընթացքում առաջացել է քաշքշոց, որի ընթացքում փորձ է արվել թույլ չտալ տեսանկարահանումը, պատռվել է պատգամավորի թեկնածուի բաճկոնը:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները՝ ուսումնասիրության առարկա դարձնելով նաև այդ դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումները։

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք լրացուցիչ։