Եղեգնաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձ կատարելու համար
Եղեգնաձոր քաղաքում կատարված սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ Գետափ գյուղի բնակիչներ:
Պարզվել է, որ դեպքն առնչություն և պատճառահետևանքային կապ ունի նախկինում կատարված մեկ այլ հանցագործության հետ, որն անզգուշությամբ առաջացրել էր տուժողի մահը:
Մասնավորապես՝ դեռևս 2021թ. մարտի 1-ին տեղեկացրել էինք, որ Գետափ գյուղի 62-ամյա բնակչի և Եղեգնաձոր քաղաքի 44-ամյա բնակչի միջև անձնական հարցի շուրջ պարզաբանման ընթացքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս աջ ձեռքի ափով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել էր 62-ամյա տղամարդու ձախ քունքային հատվածին՝ դիտավորությամբ նրան պատճառելով ծանր մարմնական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել էր տուժողի մահը: 44-ամյա տղամարդը կալանավորվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեղադրանքով:
Դեպքից որոշ ժամանակ անց՝ 2021թ. ապրիլի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, 62-ամյա տղամարդու որդիները, իրենց հոր մահվան առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող ավտոտեխսպասարկման կետում հանդիպել են վերոհիշյալ գործով մեղադրյալ, 44-ամյա տղամարդու եղբորը՝ Եղեգնաձոր քաղաքի 43-ամյա բնակչին: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 62-ամյա տղամարդու որդիներից մեկը, գտնվելով ոչ սթափ վիճակում, հոր մահվան վրեժը լուծելու շարժառիթով, 43-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի, մեջքի և պարանոցի շրջաններին, որոնցից մեկը դիպել է նաև միջադեպին ներկա գտնվող և կռիվը բաժանող, իր հորեղբոր որդուն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 62-ամյա տղամարդու որդիներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: