Էրեբունիում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ Էրեբունիում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի, իսկ միջադեպի մասնակիցներից՝ 1988 թվականին ծնված բնակիչը, ստորագրությամբ ազատ է արձակվել:
Միջադեպի մասնակիցներից երկուսին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ մեկին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235 -րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է մեղադրյալներից՝ 1997 թվականին ծնված երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի հունվարի 21-ին տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1985 և 1977 թվականին ծնված բնակիչները:
Նախապատրաստվող նյութերի ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ 2019թ. հունվարի 20-ին՝ ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել էր Երևան քաղաքի՝ 1985 և 1977 թվականին ծնված բնակիչների նկատմամբ բռնություն գործադրելով, ակումբի գույքը վնասելով և որպես զենք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիք,ատրճանակ գործադրելով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019թ. հունվարի 21-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Քննչական կոմիտեի և Ոստիկանության ծառայողների համատեղ իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Կատարվել են հարցաքննություններ, տվյալներ ձեռք բերվել Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում տեղի ունեցած միջադեպին մասնակից անձանց շրջանակի վերաբերյալ:
Նախաքննությամբ պարզվել է, որ տուժողները զարմիկներ են: Նրանցից մեկը՝ 1985թ. ծնված երիտասարդը, 2019 թվականի հունվարի 20-ին, Երևան քաղաքի ծաղկի խանութներից մեկից ծաղիկ գնելու ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության է բռնվել մի երիտասարդի հետ: Այդ ժամանակ նրանց են մոտեցել 8-10 անձ, որոնք, ճանաչելով երիտասարդին, մոտեցել են և միջամտել խոսակցությանը, որից հետո կողմերը պայմանավորվել են հանդիպել ավելի ուշ՝պարզաբանումների համար:
Դեպքի օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, կողմերը հանդիպել են Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ զարմիկները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները «հաշիվ պահանջելու» և վրեժխնդիր լինելու նպատակով պարզաբանումներ կատարելու համար, պայմանավորվել են հանդիպել 2019 թվականի փետրվարի 8-ին:
Հետագա հնարավոր ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կանխելու համար որոշվել է վնասազերծել կողմերին և բերման ենթարկել:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: