Երեք անձ ձերբակալվել է Քարակերտում՝ գիշերային ակումբում, տեղի ունեցած սպանության, խուլիգանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մի շարք անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է ժամեր առաջ գիշերային ակումբում տեղի ունեցած սպանության դեպքը:
2023թ. հուլիսի 3-ին՝ ժամը 05:26-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության են ընդունվել նույն մարզի Քարակերտ բնակավայրի երեք բնակիչներ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:
Նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում գործող գիշերային ակումբի տնօրենից այն մասին, որ Քարակերտ բնակավայրում իր կողմից շահագործվող գիշերային ակումբում վիճաբանություն է սկսվել հաճախորդների միջև, ինչը վեր է ածվել ծեծկռտուքի:
Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի, 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 3-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային անհրաժեշտ և անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից, ինչպես նաև հնարավոր հանցագործություն կատարած անձանց շրջանակը, շարժառիթը։
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, հիշյալ օրը ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել ակումբի հաճախորդների՝ մի կողմից Քարակերտի 4 և Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրի 2 բնակիչների միջև։ Վիճաբանողները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Արտենիի 23-ամյա բնակիչն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իրենց հետ վիճաբանող քարակերտցիներից մեկին, ով մահացել է հիվանդանոցում:
Նույն օրը հաղորդում է ստացվել նաև Արտենիի հիշյալ 23-ամյա բնակչից այն մասին, որ իրենց հետ վիճաբանող անձանցից մեկն իր ձեռքին եղած մահակով, իսկ մյուսները ձեռքերով և ոտքերով հարվածեր են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, որից հետո ինքը ծալովի դանակով հարվածներ է հասցրել իրեն ծեծողներին` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով և, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել սպանության, ֆիզիկական ներգործության և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին:
Երեք անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ 23-ամյա նշված երիտասարդը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, մեկը՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ երրորդը 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ, կատարվել են առգրավումներ, նշանակվել է դատահետքաբանական, ինչպես նաև, տուժողի (տուժողների) մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով, դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: